Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման ռազմավարությամբ 2027 թվականին իրականացվելիք քայլերը։
Մասնավորապես՝ ներկայացվել են ռազմավարության 2027 թ.-ի առանձնահատկությունները, մինչև 200 հազար դրամ ամսական աշխատավարձ ստացողներին համակարգում ներառելու հնարավորությունները։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ այս խմբի համար մշակվում է առանձնահատուկ մոտեցում՝ հաշվի առնելով ստվերային շրջանառության հնարավոր ռիսկերը:
Վարչապետը ներկայացրել է 2027 թ. հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիներին համակարգում ներառելու վերաբերյալ Կառավարության այս պահի մոտեցումները:
«2027 թվականի ընթացքում գուցե Կառավարությունը սուբսիդավորի անհրաժեշտ 10,800 դրամ ծախսի 4400 դրամը, աշխատողները վճարեն 2000 դրամ, այն 2000 դրամը, որը նախկինում՝ մինչև 2026 թվականի հունվարի 1-ը, վճարում էին «Զինապահ» հիմնադրամին, և պակասող 4400 դրամը վճարեն գործատուները՝ այն պայմանով, բնականաբար, որ եթե աշխատավարձը կփոխվի, կբարձրանա և կհատի 200,000 դրամի շեմը, այդ դեպքում այդքան աշխատավարձ ստացող քաղաքացիները կներառվեն արդեն իսկ գործող 200,000 դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիների համար նախատեսված համակարգի մեջ։ Հիմա սա մեր մտածած մտքերի ընթացքն է այս պահի դրությամբ, բայց կարևոր է նաև շարունակությունը։
Շարունակությունը մենք մտածում ենք հետևյալ կերպ, որ 2028 թվականի հունվարի 1-ից արդեն, գուցե, գործարկենք հետևյալ սցենարը` 10,800 դրամ ծախսի 6000 դրամը վճարի աշխատողը, որն արդյունքում հետ է ստանալու 2028 թվականին արդեն՝ որպես սոցիալական կրեդիտ համընդհանուր հայտարարագիրը լրացնելու պարագայում։ Այսինքն՝ գործնականում քաղաքացու կյանքում շատ բան չի փոխվում, իսկ մնացած պակասող 4800 դրամը շարունակի վճարել գործատուն՝ կրկին այն պայմանով՝ քանի դեռ աշխատավարձը ցածր է 200,000 դրամից։ Երբ կհատի 200,000 դրամի շեմը, արդեն համակարգը կսկսի գործել այն ընդհանուր պայմաններով, որի վերաբերյալ տվյալ պահին կկայացվի որոշում»,-ասել է նա:
Ըստ վարչապետի՝ լավ կլինի, եթե գործատուները, նաև այս առիթը օգտագործելով, վերանայեն իրենց որոշումները և հնարավորինս շատ աշխատողների վճարեն 200,000 դրամ և ավելի աշխատավարձ:
«Իհարկե, նման խնդիր կա նաև պետական կառավարման համակարգում, և մենք նույնպես պետական կառավարման համակարգում այդ խնդիրը հասցեագրելու վերաբերյալ պիտի մտածենք»,-ասել է նա:
Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խնդիր է դրվել, որ 2029 թ. հունվարի 1-ի դրությամբ բնակչության բոլոր շերտերը պետք է ներառված լինեն համակարգում։ Միաժամանակ, նա կարևորել է մատուցվող ծառայությունների որակի ապահովումը և համակարգի՝ ֆինանսապես առողջ լինելը։
Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն գործարկվելու փուլային տարբերակով: Առաջին փուլում ընդգրկվելու են այն քաղաքացիները, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 200 հազար դրամը։ Նրանց համար սահմանվել է 129,600 դրամի ապահովագրական փաթեթ, որը ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված և սքրինինգային ծառայություններ, ինչպես նաև հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապ օգնության ծառայություններ։