Քաղաքականություն
12.08.2026 | 17:35
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հրաժարվել է մեծ թվով չեչենների ուղարկել Ուկրաինա կռվելու, The Economist-ին ասել է չեչենական ղեկավարությանը մոտ կանգնած աղբյուրը, փոխանցում է The Moscow Times-ը։
«Ինչպիսին էլ լինեն Ուկրաինայում Մոսկվայի ունեցած շահերը, մենք անսահման հեռու ենք նրանցից»,- ասել է աղբյուրը։
Նա հավելել է, որ չնայած Կադիրովն իրեն անվանում է «Պուտինի հետևակային»՝ նա չի ցանկանում զոհաբերել հանրապետության բնակչությունը՝ հանուն «ռուսական խաղաղության»։
Միաժամանակ, այս տարվա ապրիլին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ Չեչնիայի ղեկավարը հրապարակավ հայտարարել է, որ հանրապետությունը մարզել և ռազմաճակատ է ուղարկել ավելի քան 70,000 զինվորի։ Այս թիվը կազմում է Չեչնիայի ամբողջ տղամարդ բնակչության 9%-ը և կարող է լինել ամենաբարձր ցուցանիշը բոլոր ռուսական շրջանների շարքում, նշում է The Economist-ը։
Mediazona-ն, իր հերթին, նշում է, որ պատերազմի մեկնարկից ի վեր հաստատվել է չեչեն զինվորների շրջանում 540 մահվան դեպք։ Սա կազմում է Ռուսաստանի ընդհանուր զոհերի 0,2%-ը: Այսպիսի ոչ զգալի կորուստները բացատրվում են այլ շրջաններից չեչենական կամավորականների ստորաբաժանումների հավաքագրմամբ։
Մասնավորապես, Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո Չեչնիայում ստեղծվել է «Ախմատ» հատուկ նշանակության կամավորական ջոկատը, որում ներգրավում են մարդկանց ամբողջ Ռուսաստանից: «Ախմատ»-ի հրամանատար Ապտի Ալաուդինովն անցյալ տարվա մայիսին խոստովանել էր, որ ստորաբաժանման զինվորների միայն մեկ քառորդն են չեչեններ:
Այսպիսով, ըստ The Economist-ի՝ Կադիրովին փաստացի հաջողվել է թույլ չտալ պատերազմի համար Չեչնիայից հարկադիր հավաքագրումները։ Դա նրան թույլ է տվել ամրապնդել իր կերպարը որպես «ազգի հայր», որը պաշտպանում է իր հայրենակիցներին: