«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանն ԱԺ-ում անդրադարձել է խոսքի ազատության վիճակին՝ ներկայացնելով մի շարք զեկույցներում հրապարակված տվյալներ։
«Երբ խոսում եք խոսքի ազատության մասին ու դա նշում եք իբրև ձեր իշխանության ձեռքբերումը, հորդորում եմ ուսումնասիրել «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հեղինակավոր կազմակերպության զեկույցը, այնտեղ Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում»,- ասել է նա՝ խոսքն ուղղելով ՔՊ խմբակցության պատգամավորներին, հայտնում է Panorama.am-ը:
Պատգամավորը նաև հորդորել է ծանոթանալ «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի՝ 2010-2018 և 2018-2026 թվականների վերաբերյալ զեկույցներին՝ առանձնացնելով մի քանի ցուցանիշ:
«Մի քանի ցուցանիշ նշեմ, օրինակ, ֆիզիկական բռնության դեպքերը մինչև 2018 թվականը եղել են 77-ը, իսկ 82 դեպք՝ ձեր իշխանության օրոք:
ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները. մինչև 2018 թվականը եղել են 46-ը, 795 դեպք ձեր իշխանության օրոք:
Տեղեկատվության, ազատության և տարածման հետ կապված խնդիրները. 209 դեպք են եղել մինչև 2018 թվականը, 825 դեպք ձեր իշխանության օրոք դրանք»,- նշել է Ղահրամանյանը: