Կասեցվել է «Ձյունիկ» և «Արծվաբերդ» ըմպելիքների արտադրամասերի աշխատանքը (PAN.am)

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշման հիման վրա կասեցվել է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում գործող՝ անհատ ձեռնարկատեր Անդրանիկ Առաքելյանին պատկանող «Ձյունիկ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը։

«Վերահսկողական միջոցառումների ընթացքում արձանագրվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ արտադրական տարածքների և շինությունների ոչ պատշաճ պայմաններ, հատակի, դռների և պատերի մակերևույթների՝ սահմանված պահանջներին չհամապատասխանող վիճակ, աշխատանքային մակերևույթների ոչ համապատասխան նյութերից պատրաստվածություն, հումքի և բաղադրիչների ոչ պատշաճ պահպանում, կիսապատրաստվածքի և վերջնական արտադրանքի պահպանման ջերմաստիճանի պահանջների չպահպանում, անձնակազմի համար նախատեսված հանդերձարանի բացակայություն։

Հայտնաբերված խախտումները վերացնելու նպատակով տնտեսավարողին սահմանվել է վերջնաժամկետ։ Արտադրական գործունեությունը կարող է վերսկսվել միայն սահմանված պահանջների պատշաճ կատարումից հետո:

Կասեցվել է նաև Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործող և անհատ ձեռնարկատեր Ասատուր Վիրաբյանին պատկանող «Արծվաբերդ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի աշխատանքը, հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

ՍԱՏՄ տեսուչները ստուգումների ընթացքում արձանագրել են սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ։ Մասնավորապես՝ արտադրական շինության պայմանները չեն ապահովել սարքավորումների պատշաճ սպասարկումն ու վերանորոգումը, պատշաճ չեն իրականացվել մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների դեմ պայքարի աշխատանքները։

Բացի այդ, հատակների և պատերի մակերևույթները չեն համապատասխանել սահմանված պահանջներին, իսկ արտադրամասն ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով։

Արձանագրված խախտումների հիմքով արտադրական գործունեությունը կասեցվել է։

«Հայտնաբերված խախտումները վերացնելու և արտադրամասը սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար տնտեսվարողին սահմանվել է ժամկետ։ Սննդամթերքի անվտանգության պահանջն առաջնային է»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment