Ալեն Ղուլյան․ Ալիևն այսօր իրեն թույլ է տալիս ուլտիմատիվ տոնով խոսել Հայկական ԱԷԿ-ի փակման մասին

Հասարակական գործիչ Ալեն Ղուլյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝ կապված Հայկական ատոմային էլեկտրակայանը փակելու պահանջի և դրանից հետո Հայաստանում սպասվող էներգետիկ ճգնաժամի հետ։

«Գիտե՞ք, թե ինչու է Իլհամ Ալիևը, գտնվելով Երևանից և Մեծամորի ԱԷԿ-ից ընդամենը 100 կիլոմետր հեռավորության վրա, այսօր իրեն թույլ տալիս ուլտիմատիվ և բացահայտ սպառնալից ձևով հայտարարել, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը վաղ թե ուշ պետք է փակվի՝ միաժամանակ նախազգուշացնելով դրա դադարեցումից հետո Հայաստանում սպասվող էներգետիկ ճգնաժամի մասին։

Դա այն պատճառով է, որ 2020 թվականին ադրբեջանական վարչակարգը, կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերն ու միջազգային կոնվենցիաները, հարվածներ էր հասցնում Արցախի քաղաքացիական օբյեկտներին և կրիտիկական ենթակառուցվածքներին՝ շարքից հանելով էներգետիկ օբյեկտները՝ ենթակայանները, էլեկտրահաղորդման գծերը, ինչպես նաև գազային ենթակառուցվածքն ու գազատարները, և ի պատասխան՝ ոչ մի հրթիռ չթռավ Ադրբեջանի ռազմավարական նշանակության էներգետիկ օբյեկտների ուղղությամբ։

Եվ խոսքն այժմ Բաքվի նավթահանքերի կամ նավթագազային ենթակառուցվածքների մասին չէ։ Ադրբեջանի ամենամոտ և կարևորագույն ռազմավարական էներգետիկ օբյեկտներից մեկը Մինգեչաուրի ՋԷԿ-ն էր։

Այն ժամանակ, մոտ 45 կիլոմետր հեռավորությունից, հայկական բանակը դիտարկում էր Մինգեչաուրի ՋԷԿ-ը՝ Ադրբեջանի էներգետիկ համակարգի առանցքային օբյեկտներից մեկը, որն ապահովում էր երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի գրեթե կեսը։

Դեռևս Նիկոլի խունտայի հայտնվելուց առաջ ստեղծված դիտարկման համակարգը թույլ էր տալիս ոչ միայն տեսնել այն, այլև հայտնաբերել ու ուղեկցել այնտեղ գտնվող օբյեկտները և ապահովել թիրախավորումն ու կրակի ճշգրտումը։ Իսկ մեր բանակի զինանոցում եղած հրթիռները ունակ էին խոցել թիրախները Մինգեչաուրի շրջանում։

Այսօր էլ Ալիևն արդեն իրեն թույլ է տալիս Հայաստանին թելադրել, թե ինչ անի իր ատոմակայանի հետ, և նրան առաջարկում է էներգետիկ կախվածություն Ադրբեջանից։

Իսկ թե ինչ է էներգետիկ կախվածությունը, և ինչ է նշանակում, երբ գազատարի փականը կամ էլեկտրահաղորդման գծի անջատիչը գտնվում են Իլհամի ձեռքում, մենք Արցախում գիտենք ոչ թե լսողությամբ։ 2023 թվականի շրջափակման ժամանակ մենք արդեն մեր մաշկի վրա զգացինք, թե ինչի է վերածվում նման կախվածությունը․ ինն ամիս առանց գազի և նորմալ էլեկտրամատակարարման, ցուրտ, մթություն, էլեկտրաէներգիայի անջատումներ և բնակչության փաստացի զրկում կենսականորեն անհրաժեշտ ռեսուրսներից․․․

Հ․Գ․ Լուսանկարում Մինգեչաուրի ՋԷԿ-ի՝ մոտ ինը տարվա վաղեմության կադր է՝ լուսանկարված Արցախի պաշտպանության բանակի օբյեկտիվ վերահսկողության տեսախցիկներից մեկի էկրանից» ,- գրել է Ալեն Ղուլյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment