Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արման Եղոյանը տեղյակ չէ` Ադրբեջանից էներգետիկայի ոլորտի մասնագետներ այցելել են Հայաստան, թե ոչ՝ չի կարող ոչ հաստատել, ոչ հերքել, հայտնում է Sputnik Արմենիան:
Ադրբեջանի նախագահն Իլհամ Ալիևն ասել է, որ TRIPP-ի շրջանակում ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են կատարել Հայաստանի տարածքում և որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։
«Ես նման տեղեկություն չունեմ, բայց չեմ կարող ասել կոնկրետ ճշգրտությամբ։ Եթե մենք ինչ–որ համատեղ նախագիծ ենք իրականացնում, պետք է հասկանանք, որ մենք տարածաշրջանային կոմունիկացիա ենք ապաշրջափակում, դա գետնի վրա ինչ–որ աշխատանք է… Հազար ու մի ենթակառուցվածքային տեխնիկական հարցեր կան, ու շատ նորմալ կլինի, որ երկու պետությունները աշխատեն։ Ես չեմ կարող այդ տեղեկատվությունը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել, բայց եթե պարզվի, որ վաղը դա հաստատվում է, շատ նորմալ կլինի»,–ասել է նա։
Եղոյանի խոսքով՝ պետք է գիտակցել, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում կողմերը պետք է համատեղ, համապարփակ տեխնիկական աշխատանքներ կատարեն, այդ թվում՝ լանդշաֆտային ուսումնասիրություն, և մասնագետների համատեղ աշխատանքը լիովին նորմալ է։