Օրենբուրգում նավթավերամշակման գործարանին հարվածից հետո վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել

Քաղաքականություն

12.08.2026 | 15:01

ՌԴ Օրենբուրգի մարզի իշխանությունները վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցրել՝ արտակարգ ծառայությունների աշխատանքը նախկին մակարդակով ապահովելու համար, հայտարարել է նահանգապետ Եվգենի Սոլնցևը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Օգոստոսի 12-ին, ժամը 12:00-ից սկսած, մարզի բենզալցակայաններին արգելվել է վառելիք վաճառել տարաներով, ինչպես նաև սահմանափակվել է մեկ հաճախորդի համար նախատեսված վառելիքի քանակը։

Սոլնցևը նաև հայտնել է, որ մարզի արդյունաբերական ձեռնարկություններից մեկի տարածքում  հրդեհ է բռնկվել «անօդաչու թռչող սարքի բեկորների անկման հետևանքով»։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հստակեցրել է, որ խոսքն Օրսկի «Օրսկնեֆտեօրգսինտեզ» նավթավերամշակման գործարանի մասին է, որտեղ անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական հարվածների հետևանքով վառելիքի ճգնաժամ է Ռուսաստանի տասնյակ մարզերում։

Նախօրեին վառելիքի հետ կապված լարված իրավիճակի մասին հայտնել էր Լիպեցկի մարզի նահանգապետ Իգոր Արտամոնովը։ Նա բնակիչներին կոչ էր արել կրճատել երթևեկությունը և ամբողջությամբ չլիցքավորել մեքենաների բաքերը։

Անցյալ շաբաթվա վերջին տարածաշրջանում, որտեղ վառելիքի վաճառքի սահմանափակումներն արդեն վերացվել էին, բենզալցակայաններում կրկին հերթեր են գոյացել։

 

 

 

Leave a comment