Քննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինասավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ֆինասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: Նրան ԱԺ-ում ներկայացրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Հայկ Ֆարմանյան ծնվել է 1980 թվականին Երևանում: 2000 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, որակավումը՝ տնտեսագետ, 2002-ին ստացել է տնտեսագիտության մագիստրոսի աստիճան: ԵՊՏԻ-ում ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ մասնագիտությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայաստանի արժեթղթերի երկրորդային շուկայի հիմնահարցերը» թեմայով՝ ստանալով գիտությունների թեկնածուի աստիճան, ունի նաև դոցենտի կոչում:
2004-2020 թվականերին դասավանդել է մի շարք բուհերում, այդ թվում՝ ԵՊՀ-ում, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, ՊԵԿ ուսումնական կենտրոնում: 2010-ին ԵՊՀ ֆինանսների ամբիոնում հիմնադրել է «Մաքսային վարչարարություն» ակադեմիական առարկան: Նա մի շարք գիտական հոդվածների և ուսումնական ձեռնարկի հեղինակ է:
2002-ին ՊԵԿ-ի կողմից շնորհվել է մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում՝ 100 տոկոս արդյունքով:
2001-2002-ին եղել է Հայաստանի ֆոնդային բորսայի խորհրդի անդամ: Տարբեր պետական կառույցներում աշխատել է որպես մաքսային տեսուչ, ավագ տեսուչ, բաժնի պետ, մաքսային ծառայության ղեկավար: Ղեկավարել է մի շարք ընկերություններ ու կառույցներ:
Ունի մաքսային ծառայության մայորի կոչում:
Իր ելույթի ժամանակ Հայկ Ֆարմանյանը՝ որպես ԱԺ ֆինասավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, ընդգծեց, որ իրեն խիստ անհանգստացնում է ՀՀ պետական պարտքի աճը, որը վերջին տարիներին ավելացել է:
«Ասում են՝ ՀՆԱ-ն կրկնապատկվել է, պետական բյուջեն կրկնապատվել է: Շատ ճիշտ է, համաձայն ենք, բայց սրա տակ նաև պետք է բացասական կողմերին անդրադառնանք: Որքա՞ն է թանկացել պետական պարտքի սպասարկումը: Վերջին տարիներին միայն տոկոսների սպասարկմանն ուղղված ծախսերը կազմում են պետական բյուջեի ընդհանուր ծախսերի 10 տոկոսից ավելին: Սա անհանգստացնող երևույթ է. մենք սրան խիստ ուշադրություն պետք է դարձնենք»,- ասաց նա՝ հայտարարելով, որ եթե հնարավոր չլինի փոխել տնտեսության կառուցվածքը, ապա ՀՀ-ն կունենա պետական պարտքի կայուն կառավարելիության խնդիր: