Հայկական ատոմակայանի շահագործման առավելագույն ժամկետը 2036 թվականն է, և այն չի որոշվում ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի կառավարության կողմից, քանի որ խոսքը կայանի ֆիզիկական շահագործման թույլատրելի առավելագույն ժամանակահատվածի մասին է, հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը:
Նա այդպես է մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերը Հայկական ատոմակայանը փակելու անհրաժեշտության մասին:
Ալիևը նաև հայտարարել է, թե ՀԱԷԿ-ի փակումից հետո ՀՀ-ում կարող է էներգետիկ ճգնաժամ առաջանալ և Ադրբեջանն այդ դեպքում կարող է օգնել:
«2036 թվականը մեր ատոմակայանի շահագործման առավելագույն ժամկետն է, և մենք արդեն իսկ հայտարարել ենք, որ նոր ատոմակայան կառուցելու մասին ենք մտածում, բանակցություններ ենք վարում մի շարք միջազգային գործընկերների հետ»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ ատոմակայանի վերաբերյալ դրույթ կա նաև Հայաստան-Եվրամիություն համաձայնագրում, որը ստորագրվել է 2017-ին:
Լրագրողը, վկայակոչելով Ալիևի հայտարարությունները, թե ադրբեջանցի փորձագետներ են այցելել ՀՀ, ուսումնասիրել տեղանքը և համապատասխան վայրեր գտել Ադրբեջանից էներգիա մատակարարելու ու էլեկտրասյուներ տեղադրելու համար, հետաքրքրվել է՝ կա՞ արդյոք ներքին պայմանավորվածություն, որի համաձայն Հայաստանը պետք է Ադրբեջանից էլեկտրաէներգիա կամ գազ ստանա։
Արման Եղոյանը պատասխանել է. «Ինչ վերաբերում է ընդհանրապես էներգակիրներ ներկրելուն կամ էներգիա ներկրել-արտահանելուն, ինչքան ավելի բաց ճանապարհներ լինեն, ինչքան ավելի շատ հնարավորություններ լինեն՝ տարբեր աղբյուրներից էներգիա և էներգակիրներ ներկրելու, արտահանելու, Հայաստանի օգուտն է, բայց դա ընդհանրապես կապ չունի ատոմակայանի հարցի հետ»։
Ադրբեջանից գազ կամ էլեկտրաէներգիա ձեռք բերելու վերաբերյալ քննարկումների մասին հարցին Եղոյանը նախ խնդրել է այդ թեման որևէ կերպ չկապել ատոմակայանի հարցի հետ, ապա հավելել է, որ գազի և նավթի ներկրումը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտահանումը բացառել պետք չէ։
«Էներգետիկ այդ փոխանակումը, նկատի ունեմ՝ առևտուրը, վաճառքը և գնումը, ինչպես մյուս բոլոր ապրանքներն ու ծառայությունները, իհարկե, դա չպիտի բացառված լինի երկկողմ առևտրից»,- ասել է նա։
Ալիևն ասել է, որ պատրաստի նախագիծ ունեն Ադրբեջանից դեպի Նախիջևան ՀՀ տարածքով էլեկտրահաղորդիչ գծերի անցկացման համար: Մեր մասնագետները անալիզ են արել ՀՀ տարածքում, նույնիսկ որոշվել են այն տեղերը, թե որտեղ պետք է դրվեն էլեկտրական սյուները: Հուսով եմ, հայկական կողմը չի ձգձգի այս հարցը:
Դա առաջին հերթին իրենց կարող է պետք գալ, քանի որ նրանց էներգիայի հիմնական աղբյուրը ատոմակայանն է, որի կառավարումն իրենց ձեռքում չէ: Եվ հետո, այդ ատոմակայանը հնացել է և վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար: Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս են մտահոգություն հայտնել այս հարցի շուրջ տարբեր միջազգային հարթակնրեւոմ: