Վարդանյան․ Ալիևի հագով Սահմանադրություն է կարվում (PAN.am)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության ընդունման նախատեսվող գործընթացը քաղաքացիներին ազատ ընտրության հնարավորություն տվող հանրաքվե չէ, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջների իրականացում։ Ըստ նրա՝ Անկախության հռչակագրին հղում պարունակող նախաբանից հրաժարվելը նշանակում է կազմաքանդել Երրորդ Հանրապետությունը։

«Ձեզ ուղղակի հանրաքվե չեն առաջարկում․ ձեզ առաջարկում են ձեր ձեռքով կազմաքանդել Հայաստանի Հանրապետությունը, որի համար Հայաստանում ամեն ընտանիք արյուն է թափել, ու էդ ամենը մենակ նրա համար, որ Ալիևի հագով Սահմանադրություն կարվի»,- ասել է Վարդանյանը, հայտնում է Factor.am-ը:

Պատգամավորի պնդմամբ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախկինում խոսել է միայն սահմանադրական փոփոխություններ իրականացնելու մասին, մինչդեռ նոր Սահմանադրություն ընդունելու թեզն ի հայտ է եկել բացառապես Բաքվից հնչած պահանջներից հետո։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն օգոստոսի 11-ին հայտարարել էր, որ որևէ բան Սահմանադրության տեքստից չի հանվել, քանի որ գրվում է նոր Սահմանադրություն:

«Ոչ թե մենք վերցրել ենք Սահմանադրությունը և միջից ինչ-որ բաներ ենք ջնջել, ինչ-որ բաներ ավելացրել, այլ վերցրել ենք դատարկ թուղթ և սկսել ենք գրել նոր Սահմանադրության տեքստ: Արդյոք այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակո՞ւմ է հղում Անկախության հռչակագրին: Ո՛չ, և չպետք է պարունակեր, և այդտեղ Ալիևը կապ չունի, որքան էլ խոսեք այդ մասին, որքան էլ շահարկեք»,-ասել է նա:

Leave a comment