Միջադեպը տեղի ունեցավ, երբ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ նրան դահլիճից կոչ արեցին «իրեն հավաքել»․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր կայացած ավագանու նիստի ժամանակ նկատողություն արեց ավագանու անդամներին՝ հորդորելով դադարեցնել անպատշաճ բառապաշարի կիրառումը։
Միջադեպը տեղի ունեցավ, երբ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի ելույթի ժամանակ նրան դահլիճից կոչ արեցին «իրեն հավաքել»։
Քաղաքապետն ընդհատեց ելույթը և դիմեց ավագանու անդամներին։
«Ինձ թվում է՝ այդ կիսափողոցային բառամթերքը մենք ոնց որ թե շատ հանդուրժեցինք։ Ու ինչքան տենց 1-2 չի արվում նկատողություն, ոնց որ ավելի բոլորը ոգևորվում են», – ասաց Ավինյանը։
Քաղաքապետը շեշտեց, որ երևանցիներն ուղիղ եթերով հետևում են ավագանու նիստին։
«Եթե որևէ մեկին թվում է, որ փողոցային լինելը նորաձև է, բացարձակապես այդպես չէ»,- նշեց քաղաքապետը։
Նա կոչ արեց հարգանքով վերաբերվել միմյանց, Երևան քաղաքին և այն մարդկանց, որոնք լսում են իրենց խոսքը։