Հասարակություն
12.08.2026 | 11:37
ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է հանցավոր կազմակերպության կողմից կեղծ փաստաթղթեր օգտագործելու, մեքենաների նույնականացման տվյալները կեղծելու և մաքսային ընթացակարգերը շրջանցելով ավտոմեքենաներ Հայաստան ներմուծելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
ՔԿ-ի տվյալներով՝ 10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանք, ըստ քննության, Վրաստանից ապօրինի ներմուծել և վաճառել են տրանսպորտային միջոցներ՝ խուսափելով 1 մլրդ 213 մլն 26 հազար 100 դրամ մաքսային վճարից։
Ենթադրյալ հանցավոր սխեմայով Վրաստանում գնված մեքենաների վրա փոխարինվել են նույնականացման համարները և օգտագործվել այլ մեքենաների հաշվառման տվյալներ։ Ընդհանուր առմամբ՝ 218 ավտոմեքենա ճանաչվել է իրեղեն ապացույց։
Երկու մեղադրյալի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, երեքի նկատմամբ՝ վարչական հսկողություն, իսկ մյուսների նկատմամբ՝ բացակայելու արգելք։ Հինգ մեղադրյալի գույքի նկատմամբ արգելանք է կիրառվել։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։