ՀՀ զինված ուժերը դեռ ամբողջապես չի անցել նոր համազգեստի, և, դատելով Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՊՆ-ի պարզաբանումից, դեռ պարզ էլ չէ, թե բանակի համազգեստը երբ վերջնականապես կփոխվի։
Գերատեսչության կողմից պարբերաբար հրապարակվող լուսանկարներում և տեսանյութերում երևում է, որ նոր համազգեստը կրում են գլխավոր շտաբի պետը և այլ բարձրաստիճան սպաներ, իսկ մյուսները դեռ հին համազգեստով են: Այս առնչությամբ հետաքրքրվել էինք, թե երբ է ՊՆ ղեկավարությունը փոխելու ամբողջ անձնակազմի համազգեստը՝ հաշվի առնելով, որ այդ անցումը նախատեսվում էր դեռ 2024 թվականին։
«Համազգեստների ներդրման գործընթացն ընդհանուր առմամբ պայմանավորված է ներկայումս իրականացվող զորային փորձարկման, լեկալների (կառուցվածքի), ինչպես նաև դրանց տեխնիկական բնութագրերի ուսումնասիրության արդյունքներով, ուստի փորձնական ներկրված համազգեստները հատկացվել են ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների զինծառայողներին, այդ թվում` նաև ժամկետային զինծառայողներին, ինչպես նաև բարձրագույն սպայակազմին»,- պատասխանել են ՊՆ–ից։
Գերատեսչությունից վստահեցրել են, որ բանակի ամբողջ անձնակազմին նոր համազգեստով ապահովելու գործընթացը շարունակվում է, և նոր նմուշների ամբողջական ներդրման ժամկետների մասին կտեղեկացնեն, երբ ժամկետների վերաբերյալ տեղեկատվությունը լինի վերջնական ու հստակ։
Դեռևս 2023 թվականին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդարանում հայտարարեց, որ բանակում նախաձեռնվել է համազգեստի փոփոխության գործընթաց, և աշխատանքներ են տարվում միջազգային գործընկերների հետ։ Նա նաև հայտարարեց, որ նպատակ կա ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող նոր ռազմական համազգեստի ներդրման գործընթացն ավարտին հասցնել մինչև 2024 թվականի ավարտը։ 2025 թվականի վերջին ցուցադրվեց ամերիկյան «Milliken & Company» ընկերության կարած նոր հավաքածուների առաջին խմբաքանակը։