Ալիևը հայտարարել է, թե Մեծամորի ԱԷԿ-ը «վաղ թե ուշ պետք է շահագործումից հանվի»

Քաղաքականություն

12.08.2026 | 11:14

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ անդրադարձել է Հայկական ԱԷԿ-ին։ Նա ասել է, թե «Մեծամորի ատոմակայանի փակումից հետո» Հայաստանում «էներգետիկ ճգնաժամի վտանգ կլինի», նաև հայտարարել, թե Բաքուն պատրաստ է երկիրն «ապահովել էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրով», փոխանցում ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ Ալիևի՝ TRIPP-ի շրջանակում ադրբեջանցի մասնագետներն անհրաժեշտ հետազոտություններ են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենարանները։

Ադրբեջանի նախագահը նաև պնդել է, թե ՀԱԷԿ-ը, որը ներկայում «Հայաստանում էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրն» է, հնացած է և պոտենցիալ սպառնալիք է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար։ Նա ասել է, թե «Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս մտահոգություն են հայտնել դրա վիճակի վերաբերյալ տարբեր միջազգային ֆորումներում»։ Ալիևի խոսքով՝ կայանի շահագործման ժամկետը չի կարող անորոշ ժամանակով երկարաձգվել, ուստի, վաղ թե ուշ, այն պետք է շահագործումից հանվի։

«Եթե այս աղբյուրը փակվի, Հայաստանը կարող է լուրջ էներգետիկ ճգնաժամի առաջ կանգնել։ Հետևաբար, լրացուցիչ էներգիայի աղբյուր ունենալը, անշուշտ, բխում է Հայաստանի շահերից»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։

 

 

 

Leave a comment