Օգոստոսի 10-ին առեղծվածային ու արտառոց դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:40-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն էին ստացվել, որ Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթյա թիթեղների տակ նորածին երեխա կա։
Մինչ կժամանեին համայնքային ոստիկանները, Երևանի 103 շտապօգնության բժիշկների թիվ 25 խումբը տեղում նորածին աղջկան անհրաժեշտ բուժօգնություն էր ցուցաբերել. կապել էին պորտալարը և տեղափոխել Երևանի «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ»` ժողովրդին ավելի հայտնի, որպես Ռազմիկ Աբրահամյանի ծննդատուն, որտեղ էլ բժիշկների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հնարավոր էր եղել փրկել նորածնի կյանքը, սակայն երեխան դեռ որոշ ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։
MediaHub-ը դիմեց ՆԳՆ հասկանալու՝ արդյո՞ք երեխայի մայրը հայտնաբերվել է։ ՆԳՆ-ից նշեցին, որ Երևանում հայտնաբերված նորածնի մորը դեռ չեն գտել։
«Ոստիկանությունը շարունակում է ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,- ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
Նշենք, որ Առողջապահության նախարարությունից նշել էին, որ խաղահրապարակում հայտնաբերված նորածնի կյանքին վտանգ չի սպառնում։ Նա շնչում է CPAP սարքի օժանդակությամբ։
ՔԿ-ից էլ MediaHub-ին հայտնել էին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:
Մարիաննա Արամյան