Քաղաքականություն
12.08.2026 | 10:55
Ռուսաստանն ազատ է արձակել 2022 թվականից Վորոնեժում բանտարկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է Reuters-ը։
Ռուսաստանը համաձայնել է ազատ արձակել 32-ամյա Գիլմանին՝ մարդասիրական նկատառումներից ելնելով, նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկումներից հետո, հավելել է Թրամփը։
Պետքարտուղարության ինքնաթիռը, որով տեղափոխվել է Գիլմանը, երեքշաբթի ուշ երեկոյան ժամանել է Վաշինգտոնի Դալեսի օդանավակայան։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը X-ում գրառմամբ շնորհակալություն է հայտնել Պուտինին ներման «և այս գործընթացի ընթացքում նրա անձնական ներգրավվածության համար»։
ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել են, որ Ռուսաստանը որևէ զիջում չի պահանջել Գիլմանի ազատ արձակման դիմաց։
Ռոբերտ Գիլմանն ԱՄՆ քաղաքացի է, նախկին ծովային հետևակային։ 2022 թվականի հունվարին նա կալանավորվել է Վորոնեժում, իսկ նույն տարեվերջին դատապարտվել 4,5 տարվա ազատազրկման՝ կայարանում ոստիկանի հետ կռվի բռնվելու համար։ Պատիժը հետագայում կրճատվել է մեկ տարով։ Սակայն բանտում Գիլմանը սկսել է կոնֆլիկտներ ունենալ Դաշնային քրեակատարողական ծառայության աշխատակիցների հետ. 2024 թվականի աշնանը նա դատապարտվել է լրացուցիչ յոթ տարվա ազատազրկման՝ ծառայության աշխատակիցների և քննիչի վրա հարձակվելու մեղադրանքներով։
Օրերս Գիլմանի ընտանիքն ահազանգել էր նրա առողջական վատ վիճակի մասին՝ մտավախություն հայտնելով, որ նա կարող է մահանալ։