Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի նախագծի իրականացումը զգալիորեն կմեծացնի բեռնափոխադրումների հոսքը և Նախիջևանը կվերածի տարածաշրջանի առանցքային տրանսպորտային հաբի»: Այդ մասին նա հայտնել է Նախիջևանում Ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ Ըստ նրա՝ «միջանցքով տարեկան կարող է փոխադրվել մոտ 15 մլն տոննա բեռ», իսկ հեռանկարում այդ ցուցանիշը կարող է աճել, գրում է Minval.az-ը:
Ալիևը հայտարարել է TRIPP տրանսպորտային նախագծի իրականացման մեկնարկի մասին, որը նախատեսում է Հայաստանի տարածքով զարգացնել Ադրբեջանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապերը։
Ալիևի խոսքով՝ նախագծի իրագործման հարցը քննարկվել է օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Կողմերը վստահություն են հայտնել, որ այս կարևոր տրանսպորտային նախագիծը կիրագործվի մոտ ժամանակներում։
Նախագահը հայտնել է, որ արդեն հաջորդ տարի երկաթուղային գիծը կհասցվի մինչև Հայաստանի հետ սահման։
Նա նաև նշել է, որ Նախիջևանի երկաթուղու շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Ալիևի խոսքով՝ անհրաժեշտ է վերականգնել երկաթուղու բացակայող հատվածները, որոնց ընդհանուր երկարությունը կազմել է մոտավորապես 3-7 կմ։ Այդպիսի երկու հատված տեղակայված է Հայաստանի հետ սահմանի մերձակայքում՝ Օրդուբադի և Սադարակի շրջանների տարածքներում։ Նախագահը նշել է, որ երկաթուղային գծի մնացած մասն ընդհանուր առմամբաշխատանքային վիճակում է և արդեն կարող է օգտագործվել։
Ալիևի խոսքով՝ այս երթուղու, մասնավորապես՝ երկաթուղու նախիջևանյան հատվածի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել մի շարք պետություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպական միությունը։ ԵՄ ներկայացուցիչներն արդեն այցելել են Նախիջևան, տեղում ծանոթացել իրավիճակին և հետաքրքրություն են հայտնել նախագծին մասնակցելու հարցում։
Միաժամանակ նախագահը նշել է, որ Ադրբեջանի հիմնական տարածքում անհրաժեշտ աշխատանքներն «Ադրբեջանական երկաթուղիներն» ինքնուրույն ավարտում է, ուստի այնտեղ արտաքին մասնակցության անհրաժեշտություն չի եղել։
Ինչ վերաբերում է Նախիջևանի երկաթուղու վերականգնմանը, Ալիևը չի բացառել ներդրողների միջազգային կոնսորցիումի ստեղծումը՝ պայմանով, որ վերահսկիչ փաթեթը պահպանվի ադրբեջանական պետության ձեռքում։ Նախագահն ընդգծել է, որ Բաքուն բաց է համագործակցության նման ձևաչափի համար։ Միևնույն ժամանակ, նույնիսկ օտարերկրյա ներդրողների բացակայության դեպքում Ադրբեջանը մտադիր է նախագիծն իրականացնել ինքնուրույն, քանի որ դրա համար ֆինանսական խնդիրներ չկան։
«Ավելի շատ աշխատատեղեր կբացվեն, տնտեսական ակտիվությունը կբարձրանա, և Նախիջևանը, կարող եմ ասել, կդառնա անփոխարինելի տրանսպորտային հանգույցներից մեկը։ Դա միանգամայն հնարավոր է», – նշել է Ալիևը։
Ադրբեջանի նախագահը նաև հայտարարել է, որ երկիրը մտադիր է ընդլայնել արտահանման հնարավորությունները և եվրոպական շուկա դուրս գալ ոչ միայն նավթով ու գազով, այլև էլեկտրաէներգիայով։
«Ընդլայնելով հարևան երկրներ արտահանման մեր հնարավորությունները՝ մենք դուրս կգանք նաև եվրոպական շուկա։ Որովհետև մենք այժմ եվրոպական շուկա ենք դուրս եկել մեր նավթով և գազով։ Բայց մենք ցանկանում ենք այնտեղ դուրս գալ նաև էլեկտրաէներգիայով», – նշել է Ալիևը:
Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը անցկացված Խաղաղության գագաթնաժողովի առաջին տարեդարձի առթիվ: Նշվում է, որ համատեղ հռչակագիրը, Միացյալ Նահանգների աջակցությամբ, Հայաստանի և Ադրբեջանի համար ապահովել է հստակ ճանապարհային քարտեզ՝ խաղաղությունն ամրապնդելու, բարգավաճման հասնելու և գործընկերությունը խորացնելու համար։ Այս համարձակ առաջնորդների հանդիպումից ի վեր մեկ տարվա ընթացքում երկրները շարունակական հաջողության համար հիմքեր են ստեղծել։