Օգոստոսի 15-ին Սեուտա անկանոն մուտք գործելու՝ սոցհարթակներով տարածվող կոչերը կարո՞ղ են վերածվել հուլիսյան ճգնաժամի կրկնության, երբ, Իսպանիայի ՆԳՆ-ի տվյալներով, Մարոկկոյից շուրջ 72 հազար մարդ մուտք գործեց իսպանական էքսկլավ։
«Մենք աշխատում ենք թվային հարթակների հետ, որպեսզի կանխենք Սեուտայի արտաքին սահմանին մեր տեսած իրավիճակների կրկնությունը։ Դրանք շատ տեսանելի իրադարձություններ էին ու ևս մեկ հիշեցում այն մասին, թե որքան կարևոր են ուժեղ արտաքին սահմանները՝ ապօրինի անցումներն ու ողբերգական մահերը կանխելու համար»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի գլխավոր խոսնակի տեղակալ Արիանա Պոդեստան։
WhatsApp, Facebook, Instagram հարթակներում տարածվող նման հաղորդագրություններից հետո վերջին օրերին Meta-ն արգելափակել է բազմաթիվ խմբեր։ Սակայն Եվրոպական հանձնաժողովի գլխավոր խոսնակի տեղակալը օգոստոսի 15-ը չի առանձնացնում որպես ռիսկային օր։
«Արտաքին սահմանների պաշտպանությունը մի բան է, որը պետք է արվի տարվա ցանկացած օր և ցանկացած պահին։ Խոսքը սահմանների պաշտպանության հուսալի համակարգ ունենալու մասին է։ Մենք, իհարկե, պետք է դասեր քաղենք տեղի ունեցածից, այդ թվում՝ Սեուտայի դեպքերից՝ սահմանային ենթակառուցվածքներն էլ ավելի ամրապնդելու, մարդկանց մաքսանենգությամբ զբաղվողների դեմ պայքարելու և արդյունավետ վերադարձներ իրականացնելու համար։ Այսինքն՝ հարցը մեկ օրվա մասին չէ․ սա ամենօրյա աշխատանք է, և մենք շարունակելու ենք այն»,- ընդգծեց նա։
Սեուտայի ճգնաժամից հետո Իտալիան օգոստոսի 1-ից մեկ ամսով կասեցրել է Իսպանիայի հետ Շենգենյան ազատ տեղաշարժի համաձայնագիրը՝ վերականգնելով հսկողությունը սահմանային գոտիներում։ Ի պատասխան՝ Իսպանիայի կառավարությունն օգոստոսի 8-ից սեպտեմբերի 7-ը սահմանային ստուգումներ է սահմանել Իտալիայից ժամանողների համար։ Եվրահանձնաժողովն Իտալիայից և Իսպանիայից ստացել է ծանուցումներ ներքին սահմանային հսկողություն սահմանելու վերաբերյալ։
Եվրահանձնաժողովի խոսնակ Գիյոմ Մերսիեն հայտնեց, որ իսպանական իշխանությունները հավաստիացրել են՝ Սեուտայում տեղի ունեցած իրադարձությունները երկարատև հետևանքներ չեն ունենա Շենգենյան գոտու համար․ «Եթե դրական զարգացումները շարունակվեն, Եվրահանձնաժողովի ակնկալիքն այն է, որ ներքին սահմանային հսկողության շուրջ իրավիճակը վերադառնա բնականոն ընթացքին»։
Հուլիսյան իրադարձություններից հետո տարբեր տեղեկատվություն է շրջանառվում Սեուտայում դեռևս գտնվող ներգաղթյալների վերաբերյալ: Ըստ Գիյոմ Մերսիեի՝ Իսպանիայի և Մարոկկոյի իշխանություններն արդյունավետ համագործակցում են Սեուտա ապօրինի մուտք գործած անձանց վերադարձն ապահովելու հարցում։
«Մեր տեղեկություններով՝ այս պահին կանխվել է նրանց հետագա ապօրինի տեղաշարժը դեպի Իսպանիայի մայրցամաքային հատված և Եվրոպա։ Իսկ Սեուտայում դեռ մնացած մարդկանց կոնկրետ թվի վերաբերյալ խորհուրդ կտայի դիմել իսպանական իշխանություններին։ Հենց նրանք կարող են ներկայացնել իրավիճակի վերաբերյալ ամենաթարմ տվյալները»,- ասաց նա։
Գիյոմ Մերսիեն նաև շեշտեց՝ Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ Սեուտայում ապօրինի գտնվող բոլոր անձինք վերադարձվեն․ «Շատ կարևոր է նաև գործադրել բոլոր ջանքերը՝ կանխելու նոր ապօրինի անցումները և անիմաստ ողբերգական մահերը»։
Նշենք, որ օգոստոսի 6-ին Եվրախորհրդարանում կազմակերպված քննարկման ժամանակ Սեուտայի ինքնավար քաղաքի նախագահ Խուան Խեսուս Վիվասը հայտարարեց, որ քաղաքում դեռևս մնում է 3,000–5,000 ներգաղթյալ, իսկ զանգվածային սահմանահատման ընթացքում զոհվել է շուրջ 100 մարդ։
Սոցիալական ցանցերում շրջանառվող նոր զանգվածային սահմանահատման կոչերին այսօր անդրադարձել է նաև Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսը՝ Սեուտա կատարած այցի ընթացքում։
«Մի՛ վտանգեք ձեր կյանքը՝ ձեռնարկելով անհաջողության դատապարտված արկած»,- դիմել է նա Սեուտա կամ Մելիլիա հասնելու մտադրություն ունեցող մարդկանց՝ զգուշացնելով չհավատալ անկանոն ճանապարհով Իսպանիայի տարածք մուտք գործելու դեպքում հնարավոր իրավունքների կամ հնարավորությունների մասին տեղեկություններին։
Նախարարն ընդգծել է, որ Սեուտան և Մելիլիան ունեն կրկնակի սահմանային ստուգման համակարգ․ առաջին վերահսկողությունն իրականացվում է Մարոկկոյի հետ սահմանին, երկրորդը՝ երբ անձը ծովային կամ օդային ճանապարհով փորձում է մեկնել Իսպանիայի մայրցամաքային հատված։
«Ոչ ոք չի կարող մեկնել եվրոպական մայրցամաք՝ առանց Ազգային ոստիկանությանը ինքնությունը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու։ Իսպանիա անկանոն մուտք գործած յուրաքանչյուր անձ վերադարձվում է Մարոկկո։ Սեուտա կամ Մելիլիա մուտք գործած յուրաքանչյուր անձ, ի վերջո, կվերադարձվի»,- հայտարարել է Ալբարեսը։
Կարինե Ասատրյան
Բրյուսել