Լիբանանը դարձել է Մերձավոր Արևելքի առաջին պետությունը, որը վերացրել է մահապատիժը՝ այն որպես առավելագույն պատժատեսակ փոխարինելով հարկադիր աշխատանքով ցմահ ազատազրկմամբ։
Լիբանանի Պատգամավորների պալատը՝ երկրի միապալատ խորհրդարանը, օգոստոսի 11-ին հավանություն է տվել մահապատժի վերացման մասին օրինագծին։ AP գործակալության հաղորդմամբ՝ փաստաթղթին կողմ է քվեարկել 128 պատգամավորների մեծամասնությունը՝ բացառությամբ «Հեզբոլլահ» խորհրդարանական խմբակցության, հայտնում է Deutsche Welle-ն:
Քվեարկությանը ներկա Լիբանանի արդարադատության նախարար Ադել Նասարը մահապատժի վերացումը երկրի համար «պատմական քայլ» է անվանել։ Նրա խոսքով՝ առավելագույն պատժատեսակի գոյությունը նախկինում խոչընդոտել է Բեյրութին հասնել կասկածյալների արտահանձնմանն այն երկրներից, որտեղ մահապատիժն օրենքով արգելված է։
Օրինագծի ընդունումը ողջունել են նաև իրավապաշտպան կազմակերպությունները։ Լիբանանում Human Rights Watch-ի ներկայացուցիչ Ռամզի Կաիսը AFP գործակալությանը հայտարարել է, որ որոշումը «երկրում մարդու իրավունքների ոլորտում առաջընթացի հսկայական քայլ է, որն ակնհայտ խզում է դաժան և կամայական պատժի հետ, որը երբեք չպետք է կիրառվի»։
Վերջին տասնամյակների ընթացքում առավելագույն պատժատեսակի հարցը շարունակաբար քննարկումների առարկա է եղել լիբանանյան հասարակությունում։
Լիբանանում մահապատիժը վերջին անգամ ի կատար է ածվել 2004 թվականի հունվարին։ Այդ ժամանակվանից ի վեր դատարանները մահապատժի տասնյակ դատավճիռներ են կայացրել, որոնք հետագայում կասեցվել կամ մեղմացվել են։ Միևնույն ժամանակ մահապատիժը մինչև այժմ պաշտոնապես պահպանվում էր Լիբանանի օրենսդրությունում։