Փաշինյանն ու Սինկևիչիուսը կարևորել են հայ-լիտվական կապերի խորացումը (PAN.am)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի վարչապետ Մինդաուգաս Սինկևիչիուսի հետ, շնորհավորել նրան վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել նրան պատասխանատու գործունեության ընթացքում։

Լիտվայի վարչապետն իր հերթին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Նա համոզմունք է հայտնել, որ առաջիկայում համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր ազդակ հաղորդել երկու երկրների միջև փոխգործակցությանը։

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը գործնականում իրականացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Երկուստեք կարևորվել է տարբեր ոլորտներում ձևավորված կապերի հետագա ընդլայնումն ու խորացումը։

Վարչապետները քննարկել են նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր։

Ավելի վաղ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգը:

Leave a comment