Երևանն ու Կահիրեն կարևորում են բազմոլորտ գործակցության հետագա խորացումը (PAN.am)

 

Շեշտվել է բարձր մակարդակի փոխայցելությունների կարևորությունը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆին՝ Եգիպտոսի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով։ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խնդրելով իր շնորհավորանքները փոխանցել նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին։

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջային ու այլ բնագավառներում ձևավորված սերտ համագործակցությանը։ Նրանք ընդգծել են առկա գործակցությունը հետագայում ընդլայնելու և նոր ուղղություններով զարգացնելու կարևորությունը։

«Մեր երկու ժողովուրդների հազարամյա պատմության ընթացքում մենք չենք ունեցել պատմական էջ, որտեղ խնդիրներ են եղել երկու երկրների ժողովուրդների միջև, և սա շատ գնահատելի է։ Գնահատելի է այն առումով, որ մենք անկախությունից հետո լավագույն ավանդույթները շարունակում ենք։ Մեր կառավարությունը, իշխանությունը շահագրգռված է Եգիպտոսի հետ հարաբերությունները խորացնելու, ամրապնդելու և զարգացնելու հարցում»,- մասնավորապես ասել է նախագահը։

Իր հերթին դեսպան Ամալ Աֆիֆը շնորհակալություն է հայտնել նախագահ Խաչատուրյանին ընդունելության և շնորհավորանքի համար։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և կիբերանվտանգության բնագավառներում համագործակցության առկա ներուժին։ Կողմերը նշել են, որ այս ուղղություններով գիտելիքի և փորձի փոխանակումը կարող է հիմք ստեղծել համատեղ նորարարական ծրագրերի իրականացման, ինչպես նաև տեխնոլոգիական նոր լուծումների մշակման համար։ Այս համատեքստում հաշվի է առնվել նաև օրեր առաջ Հայաստանում Արհեստական բանականության գործարանի բացումը։

Կողմերը կարևորել են նաև կրթության և գիտության բնագավառներում հարաբերությունների հետագա խորացումը։ Ընդգծվել է գիտակրթական ծրագրերի ընդլայնման, ինչպես նաև ուսանողների, երիտասարդ մասնագետների և գիտնականների փոխանակման հնարավորություններն ավելացնելու անհրաժեշտությունը։

Բարձր է գնահատվել Հայաստանի և Եգիպտոսի միջև միջազգային հարթակներում ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը։ Նշվել է, որ փոխադարձ վստահության վրա հիմնված համագործակցությունը նշանակալի դեր ունի ինչպես երկու պետությունների շահերն առաջ մղելու, այնպես էլ երկկողմ հարաբերությունները շարունակաբար զարգացնելու տեսանկյունից։

Հանդիպման մասնակիցները շեշտել են նաև բարձր մակարդակով փոխայցելությունների նշանակությունը։ Նման այցելությունները լրացուցիչ խթան են հաղորդում քաղաքական երկխոսությանը և նպաստում տնտեսական, գործարար, մշակութային ու զբոսաշրջային կապերի հետագա ընդլայնմանը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովին՝ COP17-ին։ Նախագահ Խաչատուրյանը կարևորել է Եգիպտոսի բարձր մակարդակով մասնակցության ակնկալիքը՝ նշելով, որ համաժողովը կարող է լրացուցիչ հնարավորություններ ստեղծել Հայաստանի և Եգիպտոսի միջև կլիմայական օրակարգի, կայուն զարգացման, կանաչ տեխնոլոգիաների ու նորարարությունների ուղղություններով համագործակցությունն առավել խորացնելու համար։

2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում:

Leave a comment