Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայությունն է իրականացրել

Հասարակություն

11.08.2026 | 16:59

Օգոստոսի 10-ին ՆԳՆ ոստիկանության ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Լոռու, Կոտայքի և Արմավիրի մարզերում, Երևանի Էրեբունի վարչական շրջանում ու Մետրոպոլիտենի կայարաններում։

ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ ոստիկանները շրջայցեր և ստուգողական միջոցառումներ են իրականացրել բակային տարածքներում, հավաքատեղիներում և հանրային այլ վայրերում։

«Թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով մի խումբ անձինք տեղափոխվել են Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ։

Ուժեղացված ծառայության արդյունքում հայտնաբերվել են մարտական, մեկնարկային և գազային ատրճանակներ, դանակներ, կռփազենք, թմրամիջոցի զանգվածով փաթեթներ։ Հայտնաբերվել են նաև առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու և ճանապարհային երթևեկության այլ կանոններ խախտած վարորդներ։

Հանրային անվտանգության ապահովման, հանցավորության կանխարգելման և իրավախախտումների բացահայտման նպատակով ուժեղացված ծառայությունները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment