Հայաստանում արդեն 7 տարի 9 ամիս համաներման նախագիծ չի ներկայացվել, ասել է խորհրդարանի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանը։ Նա իր խոսքն ու հարցերն ուղղել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած Արուսյակ Ջուլհակյանին, գրում է Panorama.am-ը:
«Կարծում եմ՝ խոսքը պարզապես հերթական օրենսդրական նախագծի մասին չէ, այլ այնպիսի ինստիտուտի, որն անմիջականորեն առնչվում է մարդկանց ազատությանը և քրեական քաղաքականությանը»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։
Ջուլհակյանը ներկայացրել է իշխանության որդեգրած մոտեցումը՝ նշելով, որ համաներման ճանապարհով գնալը նպատակահարմար չեն համարում, իսկ առանձին դեպքերում անհրաժեշտ է քննարկել վաղաժամկետ ազատման հարցերը։
«Այդ ճանապարհով մենք գնացել ենք, համապատասխան օրենսդրական փոփոխություններ ընդունել ենք։ Համաներումը մեզ համար ընդունելի ճանապարհ չէ, կարծում ենք՝ յուրաքնանչյուր կոնկրետ դեպքում յուրահատուկ մոտեցում է պետք»,- նշել է նա։
Գասպարյանն արձագանքել է, որ իր հարցը ձևակերպելիս արդեն ծանոթ է եղել Ջուլհակյանի ներկայացրած քաղաքական մոտեցմանը։
«Մինչ այս փորձը ցույց է տվել, որ վաղաժամկետ ազատման ինստիտուտը նույնկերպ է աշխատում. հիմնակում դատարաններն առաջնորդվում են դատախազի առարկություններով և կրկին պայմանական վաղաժամկետ ազատ արձակման տոկոսները մեր քաղաքացիների համար գոհացուցիչ չեն»,- ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորը։
Հայաստանում վերջին լայնածավալ համաներումը հայտարարվել է 2018 թվականի նոյեմբերի 1-ին՝ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի առթիվ: