Կասեցվել է «Քուչակի Լուսաղբյուր» լիմոնադի, «Բուրջուա» ըմպելիքի և «Նավուր Լիմոնադի» արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Արման Ասատրյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Արտադրամասը գտնվում է Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում և արտադրանք է թողարկում «Քուչակի Լուսաղբյուր» ապրանքանիշով։

Արտադրամասում իրականացված վերահսկողության արդյունքում տեսչական մարմինը հայտնաբերել է սանիտարահիգիենիկ լուրջ խախտումներ, որոնք անհամատեղելի են գնահատվել սննդամթերքի արտադրության պահանջների հետ։

Մասնավորապես, արտադրական տարածքում չեն բացառվել պարենային հումքի և պատրաստի սննդամթերքի, ինչպես նաև աղտոտված ու մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը։

Բացի այդ, տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ սպասարկում և ընթացիկ վերանորոգում չի իրականացվել։ Պատշաճ կերպով չեն կազմակերպվել նաև մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման աշխատանքները։

Վերահսկողությամբ պարզվել է նաև, որ արտադրամասի հատակների, պատերի և դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացման ու ախտահանման համար համապատասխան նյութերից։

Առաստաղը և վերևում տեղակայված կառուցվածքները նույնպես պատշաճ անվտանգություն չեն ապահովել, ինչի հետևանքով չեն կանխարգելվել կեղտի կուտակման, բորբոսի առաջացման և խոնավության խտացման ռիսկերը։

Սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները, գործիքներն ու մյուս պարագաները պատրաստված չեն եղել հիգիենիկ պահանջներին համապատասխանող նյութերից և բարվոք վիճակում չեն պահպանվել։

Խախտում է հայտնաբերվել նաև արտադրանքի մակնշման մեջ։ Դրանում նշված չի եղել արտադրանքի բաղադրությունում ասպարտամի առկայությունը՝ «Պարունակում է ֆենիլալանինի աղբյուր» պարտադիր գրառմամբ։

Տնտեսավարողին հանձնարարվել է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ սննդի կառույցն ու արտադրանքը Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանեցնելու համար։ Խախտումները վերացնելու նպատակով սահմանվել է կատարման հստակ ժամկետ։

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գործող «Բուրջուա» ապրանքանիշի ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը ևս կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների պատճառով։

Վերահսկողության արդյունքում արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումների հիմքով արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Մասնավորապես, արտադրական տարածքում չեն բացառվել պարենային հումքի ու սննդամթերքի, ինչպես նաև աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը։

Տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ սպասարկում և ընթացիկ վերանորոգում չի իրականացվել։ Պատշաճ կերպով չեն կատարվել նաև արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման աշխատանքները։

Պարզվել է նաև, որ արտադրամասի հատակների, պատերի ու դռների մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։

Առաստաղները ևս անվտանգ չեն եղել։ Դրանց վիճակը չի ապահովել կեղտի կուտակման, բորբոսի առաջացման և առաստաղից մասնիկների թափվելու հնարավորության կանխարգելումը, ինչպես նաև նպաստել է խոնավության խտացմանը։

Սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող սարքավորումները, գործիքները, պարագաներն ու բեռնարկղերը պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահպանվել նորոգ ու բարվոք վիճակում։

Բացի այդ, սննդի կառույցում անձնակազմի համար նախատեսված հանդերձարան չի եղել։

Տնտեսավարողին տրվել են հայտնաբերված խախտումները վերացնելու պարտադիր կատարման հանձնարարականներ, և դրանց իրականացման համար սահմանվել է համապատասխան ժամկետ։

Տավուշի մարզի Նավուր բնակավայրում կասեցվել է «Նավուր Լիմոնադ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Սամվել Մայիլյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում: Վերահսկողության ընթացքում պարզվել է, որ արտադրամասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող ու ախտահանվող նյութերից։ Արձանագրված անհամապատասխանությունը գնահատվել է որպես սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտում։

ՍԱՏՄ-ից հայտնել են, որ հայտնաբերված խախտման հիմքով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Այն կշարունակի կասեցված մնալ մինչև արձանագրված խախտումների ամբողջական վերացումը։

Leave a comment