Ինչո՞ւ էր Շուշան Փաշինյանը մասնակցում Գալյանի հետ քննարկմանը. մանրամասներ

Բաժանորդագրվել

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Սրբուհի Գալյանի հետ կայացած քննարկման ժամանակ երևում է նաև Նիկոլ Փաշինյանի դուստրը` Շուշան Փաշինյանը։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանը ՀՀ արդարադատության նախարարությունում չի աշխատում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը։

Նշենք, որ օգոստոսի 6-ին արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ կայացել է անձնական տվյալների պաշտպանության ինքնավար մարմնի ստեղծմանն առնչվող օրենսդրական փաթեթի շրջանառության վերաբերյալ քննարկում։ Այդ քննարկման տեսանյութում երևում է, որ մասնակցել է նաև Շուշան Փաշինյանը։ Կադրերը համացանցում քննարկման առիթ են դարձել։

Տեսանյութի տարածումից հետո Sputnik Արմենիան հարցեր հղեց ՀՀ արդարադատության նախարարություն` պարզելու, ինչ նպատակով էր Շուշանն այդ քննարկմանը մասնակցում, արդյոք աշխատում է նախարարությունում կամ կից որևէ կառույցում։

«Շուշան Փաշինյանը գերատեսչությունում է եղել «Մեկ օր նախարարի հետ» ծրագրի շրջանակում։ Նա նախարարությունում նաև պրակտիկա է անցնում»,– ասաց Մելքումյանը` չմատնանշելով, թե որ վարչությունում կամ բաժնում է, ու ինչ մասնագիտությամբ։

Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է 2025 թվականի փետրվարից։ Դրան մասնակցում են ուսանողները։ Ծրագիրը նպատակ ունի ոլորտով հետաքրքրված և բարձր առաջադիմությամբ ուսանողներին հնարավորություն տալ ներսից ծանոթանալու նախարարի և գերատեսչության աշխատանքին՝ խթանելով պետական կառավարման նկատմամբ հետաքրքրությունը:

Leave a comment