Քաղաքականություն
11.08.2026 | 14:12
2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից ու մյուս փաստաթղթերի ստորագրումից մեկ տարի անց դրանք ի՞նչ ազդեցություն են ունեցել Հայաստանի անվտանգային և տնտեսական միջավայրի վրա: Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը, վերլուծելով վերջին մեկ տարվա իրադարձությունները, առանձնացրեց երկու առանցքային ուղղություն՝ աշխարհաքաղաքական և երկկողմ հարաբերությունների զարգացումը:
«Այստեղ հիմնականը հայ-ադրբեջանական հնարավոր նոր էսկալացիայի, իսկ եթե ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ ռազմական նոր ագրեսիայի հավանականության էական նվազումն էր։ 2025 թվականի առաջին ամիսներին ՀՀ-ում լարված իրավիճակ էր, հատկապես խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումից հետո, երբ գրեթե ամեն օր Ադրբեջանը կեղծ լուրեր էր տարածում Հայաստանի կողմից հրադադարի խախտման մասին, և ադրբեջանական մամուլում, այդ թվում նաև ուղղակիորեն պետական բարձրաստիճան ինստիտուտների հետ կապված ԶԼՄ-ներում, անընդհատ նշվում էր, որ Ադրբեջանն ունի իրավունք դիմելու պատասխան գործողությունների։ Այսինքն՝ 2025 թվականի մարտ-ապրիլ ամիսներին կար բավականաչափ վտանգ նոր ռազմական էսկալացիայի։ 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո այդ վտանգն էականորեն նվազեց, կարելի է ասել՝ մոտեցավ զրոյի, և այս պահի դրությամբ նույնպես այն գրեթե մոտ է զրոյի, և ամենայն հավանականությամբ առնվազն այսպես կլինի մինչև նախագահ Թրամփի վարչակազմի գործունեության ավարտը, այսինքն՝ մինչև 2029 թվականի հունվար»։
Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ քաղաքագետը շեշտեց, որ ստորագրված հուշագրերը նոր թափ հաղորդեցին հայ-ամերիկյան գործակցությանը: Հատկանշական է 2026-ի մայիսին ստորագրված համապարփակ ռազմավարական համագործակցության փաստաթուղթը, որը եկավ փոխարինելու նախորդ վարչակազմի օրոք ընդունված համաձայնագրին: «Համագործակցությունը միայն քաղաքական հայտարարություններով չի սահմանափակվում: Որպես ստորագրված հուշագրերի գործնական արդյունք՝ օրերս Հայաստանում բացվել է արհեստական բանականության տվյալների առաջին խոշոր կենտրոնը: Սա վկայում է այն մասին, որ թվային տեխնոլոգիաների ոլորտում հայ-ամերիկյան կապերը մտնում են գործնական ու շոշափելի փուլ»,- նշեց քաղաքագետը։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև «TRIPP» նախագծին և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հեռանկարներին, որոնք Հայաստանի համար ունեն թե՛ տնտեսական, թե՛ աշխարհաքաղաքական կենսական նշանակություն:
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան