«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի և այդ կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի պաշտպանները հայտարարել են, որ ՔԿ նախագահի տեղակալ Արմեն Գևորգյանի կողմից օգոստոսի 6-ին Հանրային հոռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցված պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին ասվում է նրանց տարածած հայտարարության մեջ:
Նշվում է, որ չհաստատված տեղեկությունների հրապարակային ներկայացումը ստեղծում է հրապարակային կանխակալություն, քանի որ հանրության մոտ ենթադրյալ հանցանքի կատարված լինելու և անձանց մեղավորության վերաբերյալ ձևավորվում է դիրքորոշում, որը չի հիմնավորվում քրեական վարույթի նյութերով։
Մասնավորապես, պաշտպանները հերքել են այն պնդումները, թե «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը 622,000 ԱՄՆ դոլարով ձեռք է բերել պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ, այն թարգմանել և փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին, ինչպես նաև այն պնդումը, թե այդ փաստաթուղթը Թևանյանին փոխանցել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը։
«Նման փաստական հանգամանքներ որևէ անձի առաջադրված մեղադրանքում առկա չեն, իսկ քրեական վարույթի նյութերում դրանց վերաբերյալ հաստատող ապացույցներ չկան։ Ուստի պաշտպանության կողմը ամբողջությամբ հերքում է վերոնշյալ հայտարարություններում արված պնդումները:
Ուստի հորդորում ենք քննչական մարմնին հարգել անմեղության կանխավարկածը և հանրությանը չներկայացնել որպես հաստատված փաստ այնպիսի տեղեկություններ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին ներկայացված մեղադրանքներին և քրեական վարույթի նյութերին, այլև կարող են ձևավորել նրանց մեղավորության վերաբերյալ կանխակալ հանրային կարծիք»,-ասվում է հայտարարության մեջ:
Անդրանիկ Թևանյանին մեղադրանք է առաջադրվել լրտեսության և պետական դավաճանության հոդվածներով։ Նա մայիսին ձերբակալվել և երկու ամսով կալանավորվել է։ Քննչական կոմիտեն հայտնել է, որ Թևանյանը, պատգամավոր եղած ժամանակ 2024 թվականին իբր հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և գործակալական գործունեություն է իրականացրել։ Հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրավապահները մուտք են գործել Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալել նրան։ Ավելի ուշ ՔԿ-ն հայտարարել է, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել պետական գաղտնիք հրապարակելու համար, որից հետո նա երկու ամսով կալանավորվել է։