Ստամբուլում հայ տղամարդ է սպանվել, ըստ որոշ ԶԼՄ-ների՝ ՀՀ քաղաքացի (PAN.am)

Ստամբուլի Բեյօղլու թաղամասում ոստիկանները բնակելի շենքում հայտնաբերել են 64-ամյա Ագոփ (Հակոբ) Դեղիրմենջիօղլուի դին։ Սպանության կասկածանքով ձերբակալված 45-ամյա Մեհմեթ Շերիֆ Թայըքը խոստովանել է արարքը, հայտնում է Ermenihaber-ը:

Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Մեհմեթ Շ․ Թ․-ն ոստիկանություն է զանգահարել և տեղեկացրել շենքից տարածվող վատ հոտի մասին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները բնակարանում հայտնաբերել են Ագոփ Դեղիրմենջիօղլուի անշնչացած մարմինը։ Թուրքական լրատվամիջոցների պնդմամբ՝ Ագոփ Դեղիրմենջիօղլուն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է։

Դեպքի վայրի զննության ընթացքում տղամարդու պարանոցի հետևի և կողային հատվածներում դանակահարության հետքեր են հայտնաբերվել։ Դեղիրմենջիօղլուի մարմինը տեղափոխվել է դատաբժշկական փորձաքննության՝ մահվան ճշգրիտ պատճառը պարզելու համար։

Ոստիկանությունը տեղի ունեցածը գնահատել է որպես սպանություն և սկսել առավել մանրամասն քննություն։ Ագոփ Դեղիրմենջիօղլուին վերջին անգամ տեսած անձանցից Մեհմեթ Շ․ Թ․-ն սկզբնական հարցաքննության ժամանակ հայտնել է, որ տուն մտնելիս տղամարդուն տեսել է անշարժ վիճակում։

Հետագա քննության ընթացքում իրավապահները հակասություններ են հայտնաբերել նրա ցուցմունքներում, ինչից հետո Մեհմեթ Շ․ Թ․-ն ձերբակալվել է։

Ոստիկանությունում կրկնակի հարցաքննության ժամանակ տղամարդը խոստովանել է սպանությունը։ Նրա ներկայացրած վարկածով՝ իր և Ագոփ Դեղիրմենջիօղլուի միջև վեճ է ծագել վարձավճարի պատճառով։ Կասկածյալը պնդել է, որ ծանր վիրավորանքների է ենթարկվել, որից հետո դանակահարել և սպանել է տղամարդուն։

Ոստիկանական ընթացակարգերն ավարտելուց հետո կասկածյալը տեղափոխվել է դատարան։ Դատարանը նրան կալանավորել է դիտավորյալ սպանության մեղադրանքով, որից հետո նա տեղափոխվել է բանտ։

Կատարվածին անդրադարձել է նաև թաղամասի բնակիչ Ջելալ Քըլըչը։ Նա հայտնել է, որ երկար տարիներ ճանաչել է Ագոփին՝ նրան բնութագրելով որպես խաղաղ և բարեկամական մարդ։ Քըլըչի խոսքով՝ Ագոփը երկար տարիներ բնակվել է նույն շենքում, չնայած շենքն անմխիթար վիճակում է գտնվել։

Քըլըչը նաև հայտնել է, որ Ագոփին սպանել են ոչ թե բնակարանի ներսում, այլ շենքի աստիճանների կամ միջանցքի հատվածում։ Նրա ներկայացմամբ՝ կասկածյալը դեպքից մոտ երկու օր անց ինքն է ոստիկանություն զանգահարել՝ տեղեկացնելով շենքում տարածված վատ հոտի մասին, իսկ ավելի ուշ խոստովանել է սպանությունը։

Leave a comment