Գալուզին․ ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ ՀՀ-ն մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանը մինչև այս տարվա դեկտեմբեր պետք է որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ համազգային հանրաքվե անցկացնելու մասով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ակնհայտ է, որ եթե մինչև այդ պահը հանրաքվե անցկացնելու կոչը չլսվի, առաջնորդներն այդ փաստը հաշվի կառնեն համապատասխան հետագա համատեղ քայլերը որոշելիս»,- նշել է նա։

ՌԴ ԱԳ փոխնախարարը հիշեցրել է, որ «Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների՝ մայիսի 29-ի համատեղ հայտարարությունում Հայաստանի եվրոպական ձգտումների վերաբերյալ խոսվում է այդ երկրում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում հետագայում մնալու հարցով համազգային հանրաքվե հնարավորինս սեղմ ժամկետում անցկացնելու անհրաժեշտության մասին, սակայն առանց կոնկրետ ամսաթիվ նշելու»։

«Միևնույն ժամանակ արդեն նշվել է, որ այս հարցը կրկին քննարկվելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի դեկտեմբերյան նիստի ընթացքում, երբ պետությունների ղեկավարներին պետք է զեկույց ներկայացվի Հայաստանի նկատմամբ 2014 թվականի մայիսի 29-ի ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին»,- արձանագրել է Գալուզինը։

Օգոստոսի 7-ին Ղրղզստանում անցկացված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարել է, որ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության վերաբերյալ հանրաքվեն անիմաստ և բովանդակազուրկ է, քանի որ քաղաքացիներին ներկայացվելու է հարց, որն ըստ էության գոյություն չունի։

2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միության անդամ երկրների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ընդգծվել է Հայաստանում հնարավորինս արագ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։ ԵԱՏՄ Աստանայի գագաթնաժողովի ավարտից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը։

Leave a comment