Պետրոսյան․ Պետք է ստեղծենք Արցախի վիրտուալ պետություն (PAN.am)

Արցախի ԱԺ պատգամավոր Արևիկ Պետրոսյանը խոսել է ԱԺ նոր նախագահի ընտրության, կառավարման ճգնաժամի և Արցախի վիրտուալ պետություն ստեղծելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով համախմբման կարևորությունը։

Նա նշել է, որ Արցախի ԱԺ նախագահի ընտրության հարցին անդրադառնալիս անհրաժեշտ է, ըստ պատգամավորի, վերադառնալ Արցախում տեղի ունեցած զարգացումներին, քանի որ ներկայիս իրադարձությունները դարձել են դեռ այնտեղ սկիզբ առած կառավարման ճգնաժամի շարունակությունը, հայտնում է «Փաստինֆոն»։

Իր տեսակետն ընդգծելու նպատակով պատգամավորը հիշատակել է Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի խոսքերը։

«2007թ.-ին նոր ընտրվելուց հետո հանդիպել ենք և հարցրել էի՝ իչպե՞ս են գործերը։ Մի քանի ամսվա նախագահ էր Բակո Սահակյանը։ Նա ասաց, որ եթե Հայաստանը չլինի, ապա մեր գործերն ամբողջովին կձախողվեն և շատ դժվար կլինի առանց Հայաստան։ Ասաց՝ առանց Երևան չենք կարող կառավարել։ Այդ բառերը լավ եմ հիշում։ Հարցը նրանում է, որ միշտ Հայաստանի Հանրապետությունն աջակցել է մեր ղեկավարությանը, Արցախն ինքն իրեն չի ղեկավարվել, մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանը, պետական աջակցություն՝ ղեկավարման իմաստով։ Այսօր ամեն ինչ կորել է, մենք չունենք այդ աջակցությունը և ղեկավարման խնդիրն ավելի խորացրել է առկա ճգնաժամը։ Այն շարունակվում է, ինչպես նաև անձնական գործոններն են սկսել մեծ դեր խաղալ»,- մանրամասնել է նա։

Պետրոսյանի խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը տեղյակ է եղել այդ իրողություններից։

«Գիտեր, որ մենք շատ կանխատեսելի ենք, գիտեր մեր վարքագիծը, ճանաչում էր մեզ։ Թողեց ամեն ինչ մեր հույսին՝ քաջ իմանալով, որ ամեն ինչ փչացնելու եք։ Հարցը ղեկավարման խնդիրն է։ Ղեկավարման ճգնաժամը Ստեփանակերտից մենք բերեցինք այստեղ և այստեղ էլ չկարողացանք այդ հարցը լուծել, որը շարունակում է մնալ հրատապ և ավելի է խորանում։ էլ թե ով ինչ է «կերել»՝ հիմա էական չէ։ Ես որպես պատգամավոր պատասխանատվությամբ ասում եմ՝ խոշոր թալանողները մի կողմ են քաշվել, որովհետև այստեղ էլ թալանելու բան չկա, փող չկա էլ, խոշոր գումարներ էլ չկան։ Իսկ քանի որ դրանք չկան՝ էլ ոչ ոք չի խոսում Արցախի մասին»,- պարզաբանել է նա։

ԱԺ պատգամավորը նաև ընդգծել է, որ հրատապ խնդիրների լուծման բացակայության դեպքում Արցախի խորհրդարանը կարող է աստիճանաբար ձուլվել և վերանալ։

«Շատ մեծ աշխատանք ունենք անելու։ Պետնախարար Նժդեհ Իսկանդարյանին առաջարկել եմ բոլոր արցախցիների տվյալները հավաքենք, ինչքան ինֆորմացիա կա պետք է պահենք էլեկտրոնային տարբերակով, մեր վիրտուալ պետությունը ստեղծենք, պիտի մեր կառավարությունը ստեղծենք, կայք ստեղծենք, որ մարդիկ մտնեն ու քվեարկեն։ Մենք մի օր ծերանալու ենք, հիվանդանալու ենք, հավերժ չենք, մեզնից հետո չպիտի՞ գործի Ազգային ժողովը։ 10-20 տարի հետո ի՞նչ է լինելու։ Պետք է նոր պատգամավոր, նոր ղեկավարություն ընտրելու մեխանիզմ մտածենք։ Այդ ամենը պիտի կարգավորենք, որովհետև այն ինչ ունենք, սպառել է իր հնարավորությունները»,- ասել է նա և շեշտեց, որ այս հարցի շուրջ պիտի համախմբվեն բոլոր արցախցիները։

Պետրոսյանի գնահատմամբ՝ ներկա պայմաններում հնարավոր է կոնսենսուսի միջոցով ընտրել Արցախի Ազգային ժողովի նախագահ։

«Ես, օրինակ առաջարկել եմ շատ երիտասարդ թեկնածուի՝ Արամայիս Աղաբեկյանի թեկնածությունը։ Նա երիտասրադ է, եռանդուն, փող չի «ուտելու», տեսլական ունի, հեռատես է և գիտակ։ Բայց ինձ հետ համաձայն չէին շատերը։ Ամեն դեպքում՝ պետք է համախմբվենք այդ մարմնի շուրջ»,- ասել է պատգամավորը և հավելել, որ Աշոտ Դանիելյանը շատ հարմար թեկնածու էր։

Արևիկ Պետրոսյանը նաև հայտնել է, որ, չնայած Սամվել Բաբայանի նկատմամբ անձնական համակրանք չունի, ստեղծված իրավիճակում համարում է, որ Արցախին ներկայում նրա նման առաջնորդ է անհրաժեշտ։

«Սամվել Բաբայանի մեծ առավելություն ունի, դեռ Ստեփանակերտում՝ վերջին ամիսներին ես մի քանի անգամ Արայիկ Հարությունյանին առաջարկել էի Սամվել Բաբայանին պետնախարար նշանակել։ Մի հատ էլ դա փորձեինք։ 2023թ.-ի օգոստոսի 28-ին ԱԺ վերջին համատեղ նիստին, երբ ամբողջ գիշեր քննարկում էինք մեր հարցերը, ես կրկին առաջարկել էի նրան նշանակել։ Հիմա նրա անցյալով այլ մարդ չունենք, նա, ամենակարևորը, ինֆորմացիայի է տիրապետում։ Նա մեր բանակն էր ղեկավարել ամենածանր շրջանում, աշխատել է Ռոբերտ Քոչարյանի, Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի պես առաջնորդների հետ»,- ասել է նա և ընդգծել, որ պետք է անձնականը մի կողմ դնել։

Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։

Leave a comment