Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու շուրջ սոցիալական ցանցերում քննարկում է սկսվել։ Օգտատեր Արմեն Խաչատրյանը «Facebook» սոցիալական հարթակում հրապարակել է եկեղեցու լուսանկարները՝ պնդելով, որ պատմամշակութային հուշարձանի արևմտյան ճակատում միջամտություն է կատարվել, և նրբահյուս խաչ-պատուհանի հատվածով ծխատար խողովակ է անցկացվել։
Խաչատրյանը կատարվածը որակել է որպես «մշակութային բարբարոսություն» և հարց բարձրացրել՝ ինչպե՞ս է նման միջամտությունը հնարավոր դարձել պետական պահպանության տակ գտնվող պատմամշակութային հուշարձանի նկատմամբ։
«Ուղղակի անհնար է առանց ցավի ու զայրույթի նայել այս պատկերին։ Մեր 14-րդ դարի պատմամշակութային գլուխգործոցներից մեկը դարձել է հերթական վանդալիզմի զոհը»,– գրել է նա։
Հրապարակված լուսանկարներում երևում է Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու ճակատը, որի վրա առկա է ծխատար խողովակ։ Հեղինակի պնդմամբ՝ խողովակն անցկացվել է եկեղեցու նրբահյուս խաչ-պատուհանի հատվածով։ Լուսանկարներում տեսանելի են նաև պատի վրա անցկացված էլեկտրական լարերը։
Արմեն Խաչատրյանը պնդում է, որ միջամտության հետևանքով վնասվել է հուշարձանի ճարտարապետական հարդարանքը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հեռացնել, իր գնահատմամբ, անօրինական խողովակն ու լարերը, իսկ վնասված հատվածը վերականգնել։
Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին արձագանքել է Արմեն Խաչատրյանի հրապարակմանը՝ այն որակելով ապատեղեկատվություն։
Պարզաբանման մեջ ասվում է, որ լուսանկարում ոչ թե արևմտյան, այլ հարավային ճակատն է։ Իսկ ծխատար խողովակը չի անցկացվել պատմական քարի կամ խաչաքանդակի միջով․ այն դուրս է բերվել արդեն գոյություն ունեցող պատուհանային բացվածքի ապակեպատ հատվածով։
Եկեղեցին հերքում է նաև այն պնդումը, թե էլեկտրական լարերի առկայությունը վնասել է հին արձանագրությունը՝ նշելով, որ լուսանկարներում որևէ ֆիզիկական վնաս չի երևում։
Եկեղեցին կոչ է արել չտարածել չհիմնավորված տեղեկություններ և նման հրապարակումներից առաջ դիմել մասնագետների կամ եկեղեցու հոգևոր հովվին։
Պարզաբանման համար Mediahub-ը փորձեց դիմել Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցի, սակայն զանգերը մնացին անպատասխան։
Իսկ Արմեն Խաչատրյանը MediaHub-ին ասաց, որ ինքը դեպքի վայրում չի եղել և հրապարակված լուսանկարներից ստացած տպավորությունների հիման վրա է ահազանգը տարածել։
«Ես ցնցված եմ այդ նկարներից։ Ինքս դեպքի վայրում չեմ եղել։ Ճիշտ կլինի գնալ տեղում ուսումնասիրել, ռեպորտաժ պատրաստել»,– նշեց նա։
Խաչատրյանը նաև ընդգծեց, որ իր հրապարակման մեջ որևէ բան չի հորինել։ Նրա խոսքով՝ լուսանկարներում պատկերված է հենց Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին, իսկ ծխատար խողովակի առկայությունը տեսանելի է։
«Նույնիսկ եթե այդ տեղում չեն փորել պատի քանդակը, նկարից երևում է, որ այդ պատուհանի բացվածքի եզրերը քերված են ու վնասված»,– ասաց նա։
Նրա մտահոգությունը վերաբերում է նաև ծխատար խողովակի հնարավոր երկարաժամկետ ազդեցությանը հուշարձանի վրա։ Խաչատրյանը նշեց, որ վառարանի ծուխը կարող է մրով պատել պատի քանդակներն ու նախշերը, իսկ խողովակի տեղադրումն անընդունելի է նաև հուշարձանի արտաքին տեսքի տեսանկյունից։
«Մի խոսքով՝ ամբողջովին անընդունելի է իրենց արածը։ Դեռ մի բան էլ արդարանում են և իմ ահազանգը ապատեղեկատվություն որակում»,– եզրափակեց մեր զրուցակիցը։
Հունան Թադևոսյան