Օգոստոսի 10-ին Լաս Վեգասում մեկնարկել է 1996 թվականին ռեփեր Թուփաք Շաքուրի սպանության գործով դատավարությունը։ Մեղադրյալը Դուեյն «Քիֆի Դի» Դևիսն է, որը, ըստ քննության, տրամադրել է սպանության զենքը։
Թուփաք Շաքուրը սպանվել է Լաս Վեգասում 1996 թվականի սեպտեմբերի 7-ին։ Նա երաժշտական մագնատ Մերիոն «Շուգ» Նայթի հետ ուղևորվում էր 662 ակումբ, որտեղ պետք է ելույթ ունենար։ Լուսացույցի մոտ Շաքուրին և Նայթին տեղափոխող սև ԲՄՎ-ի կողքին կանգնել է սպիտակ «կադիլակ», որտեղից չորս կրակոց է արձակվել։ Ստացած վնասվածքներից ռեփերը մահացել է սեպտեմբերի 13-ին, իսկ Նայթը ողջ է մնացել։
Սպանության հետաքննությունում էական առաջընթաց չի գրանցվել մինչև 2019 թվականը, երբ Կալիֆոռնիայի Քոմփթոն քաղաքի Սաութ Սայդ Քրիփս հանցախմբի առաջնորդներից Դուեյն «Քիֆի Դի» Դևիսը հրապարակել է իր հուշերը։ Դևիսի ներկայացրած պնդումները իշխանություններին դրդել են վերաբացել Թուփաքի սպանության գործը, հայտնում է BBC-ն:
Գրքում Դևիսը պատմել է, որ ինքն է ձեռք բերել ատրճանակը և այն նետել սպիտակ «կադիլակի» հետևի նստատեղին, սակայն նա չի հստակեցրել, թե կոնկրետ ով է կրակել։
Թուփաքի սպանությունը տեղի է ունեցել երկու հանցավոր խմբավորումների՝ Սաութ Սայդ Քոմփթոն Քրիփսի և Մոբ Փիրու Բլադսի հակամարտության պայմաններում։ Վերջինիս հետ կապ է ունեցել Նայթին պատկանող «Դեթ Ռոու Ռեքորդս» ձայնագրման ընկերությունը, որի հետ պայմանագիր է ունեցել Թուփաքը։
Ռեփերի սպանության օրը Լաս Վեգասում երկու խմբավորումների անդամների միջև բախում է տեղի ունեցել, որից հետո Թուփաք Շաքուրը և Մոբ Փիրու Բլադսի մյուս անդամները ծեծի են ենթարկել Սաութ Սայդ Քրիփսի անդամ, Դևիսի զարմիկ Օռլանդո Անդերսոնին։
Մեղադրանքի վարկածով՝ Սաութ Սայդ Քրիփսը որոշել է վրեժխնդիր լինել, ինչի հետևանքով Թուփաքի ուղղությամբ կրակել է կա՛մ Անդերսոնը, կա՛մ նրա համախոհ Դեանդրե Սմիթը։ Երկար ժամանակ համարվել է, որ ձգանը քաշել է Անդերսոնը, սակայն Սաութ Սայդ Քրիփսի անդամ Դենվոնտա Լին մեծ ժյուրիին հայտնել է, որ կրակողը Սմիթն է եղել։
63-ամյա Դևիսը կասկածյալներից միակն է, որը դեռ ողջ է։ Նրա զարմիկ Անդերսոնը Շաքուրի սպանությունից երկու տարի անց զոհվել է Քոմփթոնում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ։ Սպիտակ «կադիլակում» գտնվող մյուս երկու տղամարդիկ ևս մահացել են։ Դեանդրե Սմիթը 2004 թվականին մահացել է բնական պատճառներով, իսկ Թերենս Բրաունը 2015 թվականին զոհվել է փոխհրաձգության հետևանքով։
Դևիսին մեղադրանք է առաջադրվել զենքի կիրառմամբ սպանության համար։ Նա ձերբակալվել է 2023 թվականին։
Մեղադրանքի հիմքում դրվել են վկաների ցուցմունքները, տեսահսկման սարքերի ձայնագրությունները, Դևիսի մոտ հայտնաբերված կոշտ սկավառակների պարունակությունը, սակայն առանցքային նշանակություն է ունեցել նրա գիրքը։ Դրանում նա նշել է, որ Թուփաք Շաքուրի համախոհները «անցել են կարմիր գծերը», երբ ծեծել են Անդերսոնին, իսկ ինքը որոշում է կայացրել և զարմիկին տրամադրել ատրճանակը։
Դևիսն այս վարկածը ներկայացրել է ոչ միայն իր հուշերում, այլև փոդքասթներում, վավերագրական ֆիլմերում և հարցաքննությունների ընթացքում։ Այժմ նա պնդում է, որ չի գրել և անգամ չի կարդացել իր գիրքը, իսկ սպանությանը մասնակցության մասին հայտարարություններն արել է հանուն ճանաչման և գումարի։
Դատավարությունը սկսվել է երդվյալ ատենակալների ընտրությամբ և մեղադրանքի ու պաշտպանության կողմերի բացման խոսքերով, որոնց հաջորդելու են վկաների ցուցմունքները։ Սպասվում է, որ մեղադրող կողմը դատարան կհրավիրի 35-ից 45 վկայի՝ ինչպես մարդկանց, որոնք Շաքուրին տեսել են մահից առաջ, այնպես էլ ռեփերի և Դևիսի շրջապատի ներկայացուցիչների։
Վկաների ցանկում ընդգրկվել են Լաս Վեգասի նախկին քաղաքապետ Օսկար Գուդմանը, Թուփաքի ընտանիքի անդամները, Դենվոնտա Լին և Կալիֆոռնիայի բնակիչ Լեոնարդ Ջեֆերսոնը, որը սպանությունից քիչ առաջ լուսանկարել է ռեփերին սև ԲՄՎ-ում։
Դեռ պարզ չէ՝ մեղադրող կողմը դատարան կհրավիրի՞ «Շուգ» Նայթին։ Նա Կալիֆոռնիայի բանտում 28 տարվա ազատազրկում է կրում 2015 թվականին գործարարի սպանության համար։ Նայթն ավելի վաղ հայտնել է, որ չի նախատեսում ցուցմունք տալ Դևիսի գործով։ Դևիսի փաստաբան Մայքլ Սանֆթը Ասոշիեյթեդ Փրեսին ասել է, որ Նայթի ցուցմունքները կարող են օգտակար լինել իր պաշտպանյալի համար։
Պաշտպանական կողմն ընդհանուր առմամբ նախատեսել է շատ ավելի քիչ վկաներ ներգրավել։ Նրանց թվում է նաև կեղծ խոստովանությունների և հարցաքննության հարկադրական մեթոդների ոլորտի փորձագետը։
Իր գրքում Դևիսը պնդել է, որ Շոն «Դիդդի» Քոմբսն իրեն գումար է առաջարկել Թուփաքին և Նայթին սպանելու համար։ Քոմբսը հերքել է այդ մեղադրանքները։
Շոն «Դիդդի» Քոմբսը ներկայում Նյու Ջերսիում կրում է չորս տարվա ազատազրկման պատիժ։ Նրա անունը վկաների ցանկում ներառված չէ, իսկ Քոմբսի ներկայացուցիչները չեն պատասխանել Ասոշիեյթեդ Փրեսի հարցին, թե արդյոք նա պատրաստվում է ցուցմունք տալ։