Գերմանիայի արտահանման համախառն ծավալը՝ օրացուցային և սեզոնային գործոնների ազդեցությունը չեզոքացնելուց հետո, հունիսին նախորդ ամսվա համեմատ աճել է 0.9%-ով՝ հասնելով 139.3 միլիարդ եվրոյի: Այս մասին հայտնել է Destatis-ը։
Ցուցանիշը դիտարկումների ողջ պատմության ընթացքում դարձել է առավելագույնը։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2022 թվականի սեպտեմբերին՝ 139.1 միլիարդ եվրո, նշվում է հաղորդագրության մեջ։
Ներմուծման ծավալն աճել է 4.4%-ով՝ հասնելով 123.9 միլիարդ եվրոյի, ինչը 2022 թվականի նոյեմբերից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։
Գերմանական ապրանքների արտահանումը Եվրամիության երկրներ մայիսի համեմատ աճել է 1.3%-ով։ ԵՄ անդամ չհանդիսացող երկրներ մատակարարումներն ավելացել են 0.3%-ով։ ԱՄՆ արտահանումը նվազել է 14.2%-ով, Չինաստան՝ 0.3%-ով, իսկ Մեծ Բրիտանիա արտահանումն աճել է 7.7%-ով։
Նախորդ տարվա հունիսի համեմատ՝ Գերմանիայի ընդհանուր արտահանումն աճել է 6.6%-ով, իսկ ներմուծումը՝ 8.4%-ով։
ԵՄ անդամ երկրներից ներմուծումը հունիսին աճել է 7.4%-ով, իսկ ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից՝ 1.4%-ով։ ԱՄՆ-ից ներմուծումը կրճատվել է 9.6%-ով, Մեծ Բրիտանիայից՝ 16.7%-ով, իսկ Չինաստանից ներմուծումն աճել է 9.1%-ով։
Ռուսաստան արտահանումը հունիսին մայիսի համեմատ աճել է 12.1%-ով՝ հասնելով 609.371 միլիոն եվրոյի, իսկ Ռուսաստանից ներմուծումն աճել է 39.6%-ով՝ հասնելով 108.08 միլիոն եվրոյի։
Գերմանիայի արտաքին առևտրի հաշվեկշռի դրական մնացորդը հունիսին կազմել է 15.4 միլիարդ եվրո՝ նախորդ տարվա նույն ամսվա 16.4 միլիարդ եվրոյի և մայիսի 19.3 միլիարդ եվրոյի դիմաց։