Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ։
Էլեկտրոնային դրամապանակ բացելու համար այլևս չի պահանջվի բանկային հաշվի կամ վճարային քարտի առկայություն։ Միաժամանակ հնարավորություն է ստեղծվել էլեկտրոնային փողի հաշվառման հաշիվների լիցքավորումն ու մարումն իրականացնել ոչ միայն անկանխիկ, այլ նաև կանխիկ եղանակով:
Հաճախորդների նույնականացումը կիրականացվի գործող օրենսդրության պահանջներին համապատասխան՝ ապահովելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի պահանջների լիարժեք պահպանումը:
«Նոր կարգավորման արդյունքում հաճախորդների համար էականորեն պարզեցվում է էլեկտրոնային փողի օգտագործումը․ այն դառնում է ավելի արագ և հարմար՝ հատկապես այն անձանց համար, ովքեր չեն օգտվում բանկային հաշիվներից կամ վճարային քարտերից։
Վճարահաշվարկային կազմակերպությունների համար ձևավորվում է ավելի մրցակցային և հավասար դաշտ․ նրանք հնարավորություն են ստանում ընդլայնել իրենց ծառայությունների շրջանակը, նվազեցնել գործառնական կախվածությունը բանկային ենթակառուցվածքներից»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Փոփոխությունները կնպաստեն էլեկտրոնային փողի հասանելիության ընդլայնմանը, վճարային ծառայությունների շուկայում մրցակցության խթանմանը և նորարարական վճարային լուծումների զարգացմանը։