ԱՄՆ-ն չեղարկել է օտարերկրյա քաղաքացիներին տրված 175 000 վիզա

ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք օտարերկրացիների ավելի քան 175 հազար վիզայի չեղարկման մասին։ Այդ որոշման պատճառ են դարձել հանցավոր գործունեությունը, վիզային ռեժիմի խախտումները, խարդախությունը, բռնության կոչերը և ազգային անվտանգությանը սպառնացող այլ վտանգներ։

Ըստ գերատեսչության տեղեկատվական տեղեկանքի՝ չեղարկումների ճնշող մեծամասնությունը կապված է իրավախախտումների և իրավապահ մարմինների իրականացրած ձերբակալությունների հետ։

Վիզաների չեղարկման գլխավոր պատճառների թվում նշվում են հարձակումները, հարբած վիճակում մեքենա վարելը, գողությունները և թմրանյութերին առնչվող հանցագործությունները։

Այդ ցանկում ներառվել են նաև վտանգավոր ավտոմեքենա վարելու, սեռական բռնության, երեխաների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խարդախության և միջոցների վատնման դեպքերը։

«Չեղարկումները Պետքարտուղարության շարունակական ստուգումների արդյունքն են. դրանք երաշխավորում են, որ վիզա ունեցողները պահպանում են դրանց պայմանները և վտանգի չեն ենթարկում ամերիկացիներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունում ընդգծել են, որ Թրամփի վարչակազմը կշարունակի բացահայտել և հետաքննել այն դեպքերը, երբ օտարերկրացիները, իշխանությունների կարծիքով, սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ անվտանգության համար։

«ԱՄՆ վիզան արտոնություն է, ոչ թե իրավունք»,- հայտարարել են Պետքարտուղարությունում՝ հավելելով, որ գերատեսչությունը կշարունակի օգտագործել բոլոր հասանելի լիազորությունները՝ այդ արտոնությունը չարաշահողների վիզաներից զրկելու համար։

Leave a comment