Խորհրդարանական ընտրություններին նախորդած շրջանում պարբերաբար տեղեկություններ էին տարածվում, որ Ռուսաստանից կամ այլ երկրներից Հայաստան ժամանող ՀՀ քաղաքացիներին օդանավակայանում կամ սահմանը հատելուց անմիջապես հետո հանձնվում են վարժական հավաքների մասնակցության ծանուցագրեր։ Այս դեպքերը լայն քննարկումների առիթ դարձան, իսկ հնչող քննադատություններին տրվում էր պատասխան, որ Հայաստանի բոլոր քաղաքացիները՝ անկախ բնակության վայրից, ունեն հավասար պարտավորություններ պետության հանդեպ։
Այդ մոտեցումը բխում է օրենքից, սակայն այն առաջացնում է մեկ այլ կարևոր հարց․ եթե պետությունը բոլոր քաղաքացիներից ակնկալում է նույն պարտականությունների կատարումը, ապա արդյո՞ք նույն չափով ապահովում է նաև նրանց իրավունքների պաշտպանությունը։
Վարժական հավաքի ծանուցումը որոշ քաղաքացիների համար կարող է նշանակել ոչ միայն շաբաթներով աշխատանքից բացակայություն, այլև աշխատավարձի կամ նույնիսկ աշխատանքի կորուստ։ Խնդրին բախվում են նրանք, ովքեր Հայաստանից աշխատում են արտասահմանյան ընկերությունների հետ կամ ՀՀ քաղաքացի են, բայց աշխատում են արտասահմանում․ օրենքով նախատեսված երաշխիքները նրանց դեպքում կարող են պարզապես չգործել։
Factor TV-ն ուսումնասիրել է, թե իրավական և սոցիալական ինչ երաշխիքներ են գործում վարժական հավաքներին մասնակցող քաղաքացիների համար, ինչ խնդիրներ են արձանագրվել նրանց վճարումների ընթացքում, և արդյոք գործող կարգավորումները պաշտպանում են նաև արտերկրում աշխատողների եկամուտն ու աշխատատեղը։
Ինչ է ասում օրենքը
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ վարժական հավաքի ընթացքում քաղաքացին համարվում է զինծառայող, գրանցվում է հավաքն անցկացնող զորամասի անձնակազմի ցուցակներում, ապահովվում է սնունդով, հանդերձանքով և կացարանով, ինչպես նաև ստանում է զենք ու պաշտպանական միջոցներ։
Հավաքի մասնակցին վճարվում է իր զբաղեցրած զինվորական պաշտոնին համապատասխան դրամական ապահովություն։ Նրա վրա տարածվում են զինծառայողների համար նախատեսված սոցիալական երաշխիքներն ու իրավունքները, իսկ հավաքի օրերը ներառվում են ընդհանուր աշխատանքային կամ զինվորական ստաժում։
Այս կարգավորումը տարածվում է վարժական հավաքի բոլոր մասնակիցների վրա՝ անկախ նրանց զբաղվածությունից և բնակության վայրից։ Այն վերաբերում է ինչպես չաշխատող, այնպես էլ Հայաստանում գրանցված կազմակերպություններում աշխատող, արտասահմանյան ընկերությունների հետ հեռավար համագործակցող կամ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների վրա։
Նույն՝ 59-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանվում է, որ վարժական հավաքին մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում պահպանվում է նրա աշխատատեղը կամ պաշտոնը։
«Վարժական հավաքին մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում է քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը): Գործատուի կողմից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն»։
Սակայն այս երաշխիքը գործնականում չի տարածվում արտերկրում գործող կամ Հայաստանում չգրանցված ընկերությունների համար հեռավար աշխատող ՀՀ քաղաքացիների վրա։
«Վայզ» իրավաբանական ընկերության իրավախորհրդատու Էրիկ Թելունցը պարզաբանում է, որ նման ընկերություններում աշխատող ՀՀ քաղաքացիները ո՛չ աշխատավարձը, ո՛չ էլ աշխատատեղը պահպանելու երաշխիք չունեն։
«Աշխատանքային իրավահարաբերություններում վարժական հավաքներին քաղաքացիների մասնակցության հետ կապված երաշխիքները գործում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների նկատմամբ։ Հայաստանում վարժական հավաքի մասնակցող, բայց արտասահմանյան գործատու ունեցող քաղաքացին չունի ո՛չ աշխատատեղի պահպանման, ո՛չ էլ պետական փոխհատուցման երաշխիք։ Օտարերկրյա գործատուն կարող է միակողմանի լուծել պայմանագիրը կամ զրկել նրան եկամտից։ Սա աշխատանքային իրավունքների խախտում է, քանի որ աշխատանքի ներկայանալու անհնարինությունն առաջանում է պետության միջամտության հետևանքով»,- ներկայացնում է Էրիկ Թելունցը։
Իրավապաշտպան, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը խնդրի լուծումը տեսնում է օրենսդրական փոփոխությունների մեջ։
«Պետք է օրենքում լրացումներ արվեն, որոնք կտարածվեն նաև ՀՀ տարածքում գործող օտարերկրյա կազմակերպություններում ներգրավված ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Սա համակարգային մոտեցում է պահանջում․ եթե պետությունը գտնում է, որ քաղաքացին պետք է կատարի իր պարտավորությունը, ապա պետությունն էլ պետք է ապահովի աշխատավարձի ամբողջական փոխհատուցումը»,- ասում է Արթուր Սաքունցը։
ՊՆ-ն՝ այլ երկրներում աշխատողների մասին
Factor TV-ն Պաշտպանության նախարարությանը գրավոր հարցմամբ խնդրել էր պարզաբանել, թե ինչպես է կարգավորվում արտերկրում բնակվող կամ աշխատող քաղաքացու կորցրած աշխատավարձի փոխհատուցումը, և արդյոք փոխհատուցման մեխանիզմի բացակայության դեպքում քաղաքացին ստանում է միայն ՊՆ-ի կողմից հաշվարկվող դրամական ապահովությունը։
Նախարարությունը հայտնել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները տարածվում են բացառապես Հայաստանում գրանցված գործատուների և նրանց աշխատողների վրա։
Հետևաբար՝ արտերկրում աշխատող քաղաքացին ՊՆ-ից ստանում է վարժական հավաքի ընթացքում զբաղեցրած զինվորական պաշտոնին համապատասխան դրամական ապահովություն։ Սակայն եթե օտարերկրյա գործատուն հավաքին մասնակցելու ժամանակահատվածի համար աշխատավարձ չի վճարում, դրա և զինծառայողական դրամական ապահովության միջև տարբերությունը Հայաստանի պետական բյուջեից չի փոխհատուցվում։
Էրիկ Թելունցը բացատրում է, թե ինչ է լինում այդ դեպքերում։
«Արտերկրում աշխատող քաղաքացին ստանում է միայն այն դրամական ապահովությունը, որը հաշվարկվում է վարժական հավաքի ընթացքում իր զբաղեցրած զինվորական պաշտոնի համար։ Իսկ մնացած ժամանակահատվածում, եթե տվյալ երկրի օրենսդրությամբ կամ գործատուի հետ պայմանագրով այլ բան նախատեսված չէ, գործում է այն տրամաբանությունը, որ անձը չի աշխատել և դրա համար աշխատավարձ չի ստանում»,- ասում է իրավախորհրդատուն։
Թեև Հայաստանը չի կարող օտարերկրյա գործատուին պարտադրել պահպանել ՀՀ քաղաքացու աշխատատեղը կամ վճարել նրա աշխատավարձը, իրավախորհրդատուի գնահատմամբ՝ պետությունը կարող է սեփական պարտավորությունների շրջանակում փոխհատուցման առանձին մեխանիզմ նախատեսել։
Էրիկ Թելունցի խոսքով՝ օրենքով հնարավոր է հատուկ կարգավորումներ սահմանել օտարերկրյա պետությունում աշխատող քաղաքացիների համար՝ առնվազն նրանց կորցրած աշխատավարձն ամբողջությամբ կամ մասնակիորեն փոխհատուցելու նպատակով։
Միաժամանակ, ըստ իրավախորհրդատուի, օտարերկրյա գործատուներին հայկական օրենսդրության պահանջներին ենթարկվել պարտադրելն իրատեսական չէ և միջազգային իրավունքի պրակտիկայում կիրառելի լուծում չէ։
«Օրենքում հատուկ նորմեր սահմանելով՝ հնարավոր է լուծել գոնե այդ ամսվա աշխատավարձի փոխհատուցման հարցը։ Պետությունը կարող է նաև վնասների փոխհատուցում տրամադրել, օրինակ՝ մինչև նոր աշխատանք գտնելը, եթե նման հետևանք է առաջացել։ Ներքին օրենսդրությամբ միակ լուծումը դա է»,- ասում է Թելունցը։
Արթուր Սաքունցը Հայաստանի սահմաններից դուրս գործող ընկերություններում աշխատող քաղաքացիների դեպքում հնարավոր տարբերակ է համարում վարժական հավաքների ժամկետը աշխատողի արձակուրդին հարմարեցնելը։
«Խնդիրը շատ ավելի դժվար է ՀՀ տարածքից դուրս գտնվող կազմակերպություններում աշխատող ՀՀ քաղաքացիների դեպքում։ Սակայն այստեղ էլ կա հնարավորություն՝ վարժական հավաքների ժամանակահատվածը հարմարեցնել արձակուրդին։ Մարդը կարող է այդ մեկ ամիսը արձակուրդ վերցնել, գալ ու կատարել իր պարտքը, իսկ ավարտելուց հետո վերադառնալ աշխատանքի։ Աշխատավարձի փոխհատուցման հարցն այստեղ նույնպես մնում է բաց»,- ներկայացնում է Արթուր Սաքունցը։
Ավելի վաղ, FactorTV-ն հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարությանը, պարզելու թե 2026թ․ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ արտերկրից Հայաստան ժամանած քանի քաղաքացու է հանձնվել վարժական հավաքների ներկայանալու ծանուցագիրը։
Նախարարությունը չի հայտնել, թե քանի հոգու է հանձնվել ծանուցագիրը, միաժամանակ հաստատել է արտերկրից ժամանած քաղաքացիների հնարավոր ներգրավումը հավաքաներին։
Հատկանշական է նաև, որ վարժական հավաքների ժամկետները հայտնի են դառնում ամսիներ առաջ։ Օրինակ՝ 2026թ․ հավաքների ժամանակացույցը հաստատվել է դեռ հունվարի 8-ին։
Այսինքն՝ Պաշտպանության նախարարությունը հնարավորություն ունի նախապես գնահատելու նաև այն քաղաքացիների սոցիալական և աշխատանքային ռիսկերը, որոնք աշխատում են արտերկրում կամ Հայաստանից դուրս գրանցված կազմակերպությունների համար։
Վարձատրության ընդհանուր կանոնները
Աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 2.1-ին մասով սահմանվում է քաղաքացու հիմնական աշխատավարձի և որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության տարբերության վճարման կարգը։
Մասնավոր գործատուն վարժական հավաքի առաջին 30 օրացուցային օրերի ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար աշխատողին վճարում է նրա հիմնական աշխատավարձի և հավաքի ընթացքում հաշվարկված զինծառայողական դրամական ապահովության դրական տարբերությունը՝ առնվազն այդ տարբերության չափով։
Եթե վարժական հավաքին մասնակցությունը գերազանցում է 30 օրացուցային օրը, հետագա ժամանակահատվածի համար վճարումը որոշվում է գործատուի և աշխատողի համաձայնությամբ կամ աշխատանքային կամ կոլեկտիվ պայմանագրով։
Պետական և համայնքային մարմինները, կազմակերպություններն ու հիմնարկները հիմնական աշխատավարձի և զինծառայողական դրամական ապահովության տարբերությունը վճարում են վարժական հավաքին մասնակցելու ամբողջ ժամանակահատվածի համար։
Այսինքն՝ Հայաստանում համապատասխան աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող քաղաքացին գումար է ստանում երկու աղբյուրից՝
- որպես զինծառայող՝ վարժական հավաքի ընթացքում զբաղեցրած պաշտոնի համար,
- գործատուից՝ հիմնական աշխատավարձի և զինծառայողական դրամական ապահովության դրական տարբերության չափով։
Էրիկ Թելունցը Factor TV-ի հետ զրույցում մեխանիզմը բացատրում է հետևյալ օրինակով։
«Եթե աշխատավարձը 300,000 է, բայց զինծառայողի հաստիքը 150,000-ի փոխհատուցում է ենթադրում, գործատուն արդեն տարբերությունը՝ 150,000-ը, պետք է վճարի, ոչ թե ընդհանուր 300,000-ն իր աշխատավարձի: Միևնույն ժամանակ, հակառակ իրավիճակն էլ կարող է լինել․ օրինակ՝ զինծառայողի այդ ապահովման վճարը, որը պետությունը տալիս է, անձի սովորական պայմաններում ստացած աշխատավարձից ավելի շատ է լինում։ Այդ դեպքում գործատուն ընդհանրապես որևէ փոխհատուցում չի տրամադրում աշխատողին»։
Հավաքների մասնակիցների վճարումների ուշացումները
Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում նաև այն մասին, որ վարժական հավաքներին մասնակցած քաղաքացիների դրամական ապահովությունը վճարվում է ուշացումներով։
Factor TV-ն Պաշտպանության նախարարությունից հետաքրքրվել է՝ արդյոք արձանագրվել են վարժական հավաքներին մասնակցած պահեստազորայինների դրամական ապահովության վճարման ուշացման դեպքեր։
Նախարարությունը հայտնել է, որ վճարման ժամկետների խախտումներ եղել են խիստ սահմանափակ թվով դեպքերում։
Ըստ ՊՆ-ի՝ խնդիրներ են առաջացել այն դեպքերում, երբ քաղաքացին նախարարության համապատասխան ստորաբաժանմանը չի ներկայացրել իր անունով Հայաստանի Հանրապետության առևտրային բանկում բացված հաշվեհամարը կամ անձնագրային տվյալները։ Նախարարության պարզաբանմամբ՝ անհրաժեշտ տվյալները ներկայացնելուց հետո խնդիրները լուծվել են։
Այսպիսով, ՊՆ-ն հնարավոր ուշացումները կապում է ոչ թե վարժական հավաքների մասնակիցների դրամական ապահովության հաշվարկման ընդհանուր կամ համակարգային խնդրի, այլ առանձին քաղաքացիների բանկային կամ անձնական տվյալների բացակայության հետ։
Մարիա Խաչատրյան