Արարատի մարզի դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 5-ին հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Մասիս և Ջերմուկ համայնքների։ Դատախազությունը պահանջել է անվավեր ճանաչել 0․57 հա մակերեսով հողամասի՝ 2007 թվականի օգոստոսի 6-ի աճուրդը և 750 քմ մակերեսով հողամասի՝ 2009 թվականի հունիսի 24-ի աճուրդը, ինչպես նաև կիրառել անվավերության հետևանքներ։
Արարատի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ Մասիս համայնքի ղեկավարի տեղակալ Խ.Ա.-ին և նրա հետ փոխկապակցված անձանց պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացներում մի շարք խախտումներ են հայտնաբերվել։ Ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներով օտարված հողամասերի ընդհանուր մակերեսը կազմել է 95․5 հա, հայտնում է Գլխավոր դատախազությունը:
Դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ ուսումնասիրությամբ պարզվել է, որ տարբեր ժամանակահատվածներում Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձինք համայնքի ղեկավարի տեղակալ Խ.Ա.-ի և վերջինիս հորեղբոր՝ 2000-2018 թվականներին Պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոններ զբաղեցրած Մ.Ա.-ի համար ցանկալի արդյունք ապահովելու նպատակով իրենց ծառայողական լիազորություններն օգտագործել են ծառայության շահերին հակառակ։
Ըստ դատախազության՝ համայնքային սեփականություն հանդիսացող մի շարք գույքեր ձևական աճուրդների միջոցով օտարվել են անձամբ իրենց։ Դրանից հետո Խ.Ա.-ն, հանցագործության արդյունքում ձեռք բերված գույքերի ենթադրյալ հանցավոր ծագումը թաքցնելու, քողարկելու և հետքերը վերացնելու նպատակով, կատարել է փողերի լվացում։
Ստուգման արդյունքում նաև պարզվել է, որ 2004 թվականի հունիսի 8-ին «Հայաստանի երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության վարչության նախագահ Մ.Գ.-ն, իր լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, Պետական եկամուտների կոմիտեում բարձր պաշտոններ զբաղեցրած Մ.Ա.-ին է տրամադրել Քանաքեռ ՀԷԿ-ի հարևանությամբ գտնվող 16,742 քմ մակերեսով հողամասից 500 քմ մակերեսով հատված։
Արարատի մարզի դատախազությունը, Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ընթացքում հայտնաբերելով ենթադրյալ այլ հանցագործության հատկանիշներ, առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե։