Արտաքին գործերի նախարարությունը հանդիպման բանավոր առաջարկ է փոխանցել ադրբեջանական բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին: Այդ մասին հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է «Ազատությունը»:
ԱԳՆ-ից պարզաբանել են, որ Զոնաբենդի հետ հանդիպելու առաջարկը մինչ նրա օգոստոսի 10-ի հայտարարությունն արդեն քննարկվել է, իսկ փաստացի նրան փոխանցվել է հայտարարությունից հետո։
Վերոնիկա Զոնաբենդն օգոստոսի 10-ին ավելի վաղ հայտնել էր, որ կառավարությունից որևէ մեկն իր հետ կապ չի հաստատել՝ չնայած այդ մասին նախկինում հայտարարվել է։
Հարցին, թե ԱԳՆ-ից կոնկրետ ով է հանդիպելու Վերոնիկա Զոնաբենդին, գերատեսչության խոսնակը պատասխանել է, որ «հանդիպումը կկազմակերպվի իրավասու գերատեսչությունների կողմից՝ համագործակցաբար»:
«Ազատության» տեղեկություններով՝ ներկայում համաձայնեցվում են հանդիպման ժամկետները։
Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի կինը հունիսին հայտարարել է մարդասիրական նախաձեռնության մասին, որի շրջանակում մտադիր է կանանց միջազգային պատվիրակության այց կազմակերպել Բաքու։
Վերոնիկա Զոնաբենդը, նշելով, որ Հայաստանի քաղաքացիները տարիներ շարունակ զրկված են իրենց հարազատների հետ կանոնավոր և մարդասիրական անկախ կապից, դիմել է Ադրբեջանի օմբուդսմենին։ Նա խնդրել է ապահովել պատվիրակության այցը Բաքու, կազմակերպել հանդիպում Ումբակիի բանտում պահվող հայ բանտարկյալների հետ, ինչպես նաև նրանց փոխանցել ընտանիքների պատրաստած ծանրոցները, լուսանկարներն ու նամակները։
«Գերիների համար սա հիշեցում է, որ նրանք մոռացված չեն», – նշել էր Ռուբեն Վարդանյանի կինը, ով նույնպես ծրագրում է այդ պատվիրակության կազմում մեկնել Բաքու:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն ավելի վաղ հայտնել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ պատվիրակության կազմում ազգությամբ հայ կանայք չեն լինելու։ Նախաձեռնությանը նախատեսվել է ներգրավել օտարազգի հայտնի կին իրավապաշտպանների։
Հուլիսին Վարդանյանի կինը Բաքու նախատեսվող այցի կապակցությամբ երկու անգամ նամակներ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի օմբուդսմենին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանից Վարդանյանի կինը խնդրել էր «նշանակել նախաձեռնության համակարգման համար պատասխանատու անձի և ապահովել այցի նախապատրաստման համար անհրաժեշտ դիվանագիտական ու գործնական աջակցությունը»։ Հուլիսի 30-ին ուղարկված այս նամակից 10 օր անց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, փաստորեն, կապ է հաստատել Վերոնիկա Զոնաբենդի հետ։
Օգոստոսի 8-ին՝ վաշինգտոնյան գագաթնաժողովի մեկամյակի կապակցությամբ իր ուղերձում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել էր «բոլորիս շատ անհանգստացնում է մեր հայրենակիցների՝ Ադրբեջանում անազատության մեջ լինելը»: Մեկ տարի առաջ Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը նախաստորագրել են խաղաղության պայմանագիրը, սակայն հայ գերիների հարցը դրանից դուրս է մնացել։ Ադրբեջանում ներկայում 19 հայ է պահվում անազատության մեջ։