Մալանկարա Ասորի Ուղղափառ եկեղեցին զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին (PAN.am)

Մալանկարա Ասորի Ուղղափառ Եկեղեցին խորին մտահոգություն է հայտնել Հայաստանում վերջին իրադարձությունների առնչությամբ, որոնք վերաբերում են Հայ Առաքելական եկեղեցուն, նրա հոգևոր առաջնորդությանը և հոգևորականությանը, ինչպես նաև պատմական և կանոնական առաքելության իրականացմանը։ Այդ մասին ասվում է եկեղեցու հայտարարության մեջ:

Ասորական եկեղեցին իր զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, ՀԱԵ հոգևորականներին և հավատավոր ժողովրդին:

«Որպես Արևելյան Ուղղափառ ընտանիքի քույր եկեղեցիներ մենք միավորված ենք հինավուրց հավատքի և քրիստոնեական եղբայրության խորը կապերով:

․․․Հորդորում ենք բոլոր շահագրգիռ կողմերին զսպվածություն ցուցաբերել, խաղաղ երկխոսություն վարել, պաշտպանել կրոնական ազատությունը և հարգել Հայ եկեղեցու կանոնական անկախությունն ու ամբողջականությունը:

Դարեր շարունակ Հայ Առաքելական եկեղեցին հավատարմորեն սատար է եղել իր ժողովրդին ցեղասպանության, տեղահանությունների, պատերազմների և տառապանքների ժամանակ՝ պահպանելով Ավետարանը և կենդանի պահելով քրիստոնեական հավատքը Հայաստանում և ամբողջ սփյուռքում:

Կոչ ենք անում մեր հոգևորականներին և հավատացյալներին ամբողջ աշխարհում աղոթել Ամենայն Հայոց կաթողիկոսի, Հայ Առաքելական եկեղեցու և Հայաստանի ժողովրդի համար:

Թող Ամենակալ Աստված պահպանի Հայոց Եկեղեցու միասնությունն ու ինքնավարությունը և օրհնի Հայաստանը՝ հաշտությամբ, արդարությամբ, կայունությամբ և տևական խաղաղությամբ:

Եթե տառապում է մեկը, նրա հետ տառապում են բոլոր»,-ասվում է հայտարարության մեջ:

Մալանկարա Ասորի Ուղղափառ եկեղեցին արևելյան հնագույն ուղղափառ եկեղեցիներից մեկն է: Ըստ ավանդության՝ հիմնադրվել է 52 թվականին Թովմաս առաքյալի կողմից։ Նրա առաջնորդը կրում է «Արևելքի կաթողիկոս» տիտղոսը՝ Մալանկարայի մետրոպոլիտ և նստավայր ունի Կոտտայամում:

Leave a comment