ՍԱՏՄ տեսուչները պարեկների հետ ստուգել են 237 առաքիչի. Ի՞նչ է պարզվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն օգոստոսի 1-ից սկսել է թիրախային վերահսկողությունը սննդամթերքի առաքման ոլորտում. ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ վերջին մեկ շաբաթում իրականացված վերահսկողական լայնածավալ միջոցառումները, որոնց ընթացքում ստուգվել է առաքում իրականացնող անձանց սանիտարական գրքույկների առկայությունը, դրական արդյունքներ է գրանցել:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ստուգված 237 առաքիչներից սանիտարական գրքույկ չեն ունեցել միայն նրանք, ովքեր սննդամթերքի առաքում չեն իրականացնում. սննդամթերքի առաքման համար նախատեսված հավելվածների (Յանդեքս, Գլովո և այլն) ուսումնասիրությամբ՝ այդ առաքիչների նույնականացում, որպես սննդամթերք տեղափոխողների, չի արձանագրվել։

Տեփսչական մարմինը հիշեցնում է, որ համաձայն Սննդամթերքի անվտանգության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջի՝ սննդի շղթայի ցանկացած փուլում (արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման) ներգրավված անձնակազմը պետք է ենթարկվի նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (յուրաքանչյուր կիսամյակ) բժշկական զննությունների և ունենա անձնական սանիտարական գրքույկ: Առաքիչը սննդի շղթայի կարևոր օղակ է, որը պատասխանատու է սննդամթերքի անվտանգ ու պատշաճ տեղափոխման համար:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հետևողականորեն շարունակելու է վերահսկողությունն այս ոլորտում՝ ստուգելով սննդամթերքի առաքմամբ զբաղվող անձանց պարբերական բժշկական զննություն անցած լինելը և անձնական սանիտարական գրքույկների առկայությունը։

Leave a comment