Politico-ի փոխանցմամբ՝ Եվրոպական միությունը գալիք ձմռանը կարող է բախվել էներգիայի և ջեռուցման ծախսերի աճի, քանի որ Գերմանիայի կառավարությունը հրաժարվում է պետական միջոցներով գազ գնել ստորգետնյա գազապահեստները (ՊՀԳ) համալրելու համար։
Գերմանիայում գազապահեստները լցված են ընդամենը 48%-ով, իսկ ամբողջ ԵՄ-ում՝ մոտ 58%-ով, ինչը վերջին 15 տարվա ամենացածր ցուցանիշն է։ Փորձագետների գնահատմամբ՝ բարձր գները և Պարսից ծոցից մատակարարումների խափանումները դանդաղեցրել են պահեստների համալրումը։
Գերմանիայի իշխանությունները հայտարարում են, որ ՊՀԳ-ների լցումը պետք է ապահովեն մասնավոր ընկերություններն ու թրեյդերները, քանի որ պետական գնումները կարող են էլ ավելի բարձրացնել գազի գները։
S&P Global-ի փորձագետ Լորենտ Ռուսեկասի խոսքով՝ եթե ձմեռը սովորականից ավելի ցուրտ լինի, իսկ Հորմուզի նեղուցով մատակարարումները շարունակեն դժվարանալ, Եվրոպայում գազի գները կարող են շարունակել աճել։
Փորձագետները նաև զգուշացնում են, որ նույնիսկ Գերմանիայի գազապահեստների 76% լցվածության դեպքում հնարավոր է առաջանա գազի պակաս, որը կարող է ազդել ոչ միայն Գերմանիայի, այլև Ավստրիայի, Իտալիայի, Դանիայի և Շվեյցարիայի վրա։