Բառացիորեն մի քանի օր հետո Ակրոպոլիսի թանգարանի հետ հուշագիր կստորագրի մեր Պատմության թանգարանը, ասել է ԿԳՄՍ նախարարը
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Բառացիորեն մի քանի օր հետո Ակրոպոլիսի թանգարանի հետ հուշագիր կստորագրի մեր Պատմության թանգարանը, և այս տարի արդեն մեր Պատմության թանգարանի նմուշները կցուցադրվեն Ակրոպոլիսի թանգարանում։
Այս մասին այսօր Աժ նիստի ժամանակ հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացրելով ««ՀՀ կառավարության և Հունաստանի Հանրապետության կառավարության միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները և ապօրինի ներմուծումը, արտահանումը և դրանց նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կանխելու և դրանք իրենց ծագման երկիր ռեստիտուցիայի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։
«Հնարավորություն կունենանք Հունաստանի հետ տեղեկություններ փոխանցել հետաքրքրություն ներկայացնող մշակութային արժեքների հափշտակման, անօրինակ պեղումների և ապօրինի ներմուծման, արտահանման, տարանցման ուղղություններով, ինչպես նաև կկարողանանք իրականացնել մասնագետների փոխանակման ու վերապատրաստման ծրագրեր»,- նշել է Անդրեասյանը:
Նախարարի խոսքով՝ սա կօգնի, որպեսզի երկրները միմյանց տարածքից ապօրինաբար հեռացված մշակութային արժեքների հայտնաբերման և վերադարձի հարցում ունենան համագործակցություն։