Ֆրանսիայում դիտարկում են կենսաթոշակների ինդեքսավորման սառեցումը՝ բյուջեն կայունացնելու համար

Ֆրանսիայի ֆինանսների նախարարության ղեկավար Դավիթ Ամիելը կառավարությանը կոչ է արել խիստ խնայողության միջոցները չհետաձգել մինչև 2027 թվականի ընտրություններից հետո։ Նա պետական գանձարանի վիճակը բնութագրել է որպես «փոշու տակառ» և առաջարկել սառեցնել կենսաթոշակների ու մի շարք սոցիալական նպաստների ինդեքսավորումը։ Երկրի պետական պարտքը գերազանցել է 3.54 տրլն եվրո՝ հասնելով ՀՆԱ-ի 117.5%-ին։

Ֆրանսիայի բյուջեի նախարար Դավիթ Ամիելը կառավարությանը կոչ է արել խիստ խնայողության միջոցները չհետաձգել մինչև 2027 թվականի նախագահական ընտրություններից հետո։ Նրա գնահատմամբ՝ երկիրը չի կարող իրեն թույլ տալ բյուջետային դեֆիցիտի հետագա աճ։ Այս մասին հաղորդել է Financial Times թերթը։

«Ֆրանսիայի պետական ֆինանսների կարգավորումն առաջնահերթ խնդիր է»,— ընդգծել է Ամիելը։

Իշխանությունները նպատակ են դրել մինչև ընթացիկ տարվա վերջ բյուջետային դեֆիցիտը նվազեցնել մինչև ՀՆԱ-ի 5%-ը, մինչդեռ 2025 թվականին այդ ցուցանիշը կազմել էր 5.1%։ Եվրամիության պահանջներին համապատասխանելու համար Ֆրանսիան մինչև 2029 թվականի վերջ պետք է դեֆիցիտը հասցնի ՀՆԱ-ի 3%-ին։ Տարվա առաջին կիսամյակում պարտքի սպասարկման ծախսերն աճել են 18.8%-ով՝ հասնելով 34.5 մլրդ եվրոյի։

Ամիելն առաջարկել է դիտարկել կենսաթոշակների ինդեքսավորման և մի շարք սոցիալական նպաստների սառեցման տարբերակը։ Նա նշել է, որ վերջին կես դարի ընթացքում պետական ծախսերի աճի 80%-ը բաժին է ընկել հենց սոցիալական ոլորտին։ 2026 թվականի օգոստոսին, երկարատև բյուջետային ճգնաժամի և նոր ֆինանսական ծրագրի շուրջ սուր տարաձայնությունների պայմաններում, երկրի ընդհանուր պարտքը հասել է պատմական առավելագույնի՝ գերազանցելով 3.54 տրլն եվրոն։

Ֆրանսիայի պետական պարտքը դեռևս 2025 թվականի կեսերին գերազանցել էր 3.41 տրլն եվրոյի շեմը՝ կազմելով ՀՆԱ-ի 115.6%-ը, ինչի մասին վկայում են Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալները։ Ներկայում ցուցանիշը կազմում է ՀՆԱ-ի 117.5%-ը գրեթե հասնելով կորոնավիրուսի համավարակի ամենաթեժ շրջանում արձանագրված առավելագույն մակարդակին։

Ֆրանսիայի նախկին վարչապետ և նախագահի պաշտոնի հավակնորդ Էդուար Ֆիլիպը վերջերս պետական պարտքի հետ կապված իրավիճակը բնութագրել է որպես «սարսափելի»՝ հավելելով, որ «դա այնքան էլ վատ չէ»։

Leave a comment