Տիգրան Արզաքանցյանը բողոքարկել է իրեն սնանկ ճանաչելու վճիռը (PAN.am)

ԱԺ նախկին պատգամավոր և գործարար Տիգրան Արզաքանցյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանի կայացրած վճիռը։ Դատարանը դեռ մայիսին Արզաքանցյանին սնանկ է ճանաչել։

Տիգրան Արզաքանցյանին սնանկ ճանաչելու վերաբերյալ գործը շուրջ չորս տարի քննվել է ներպետական դատական ատյաններում, հայտնում է «Ա1+»-ը:

Նրան սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել գործարար Սմբատ Նասիբյանը։ Պահանջի հիմքում դրվել է միանձնյա արբիտրաժային տրիբունալի՝ 07.10.2013 թ. կայացրած վճիռը։ Դրանով ճանաչվել է Սմբատ Նասիբյանի սեփականության իրավունքը՝ հօգուտ իրեն պատասխանողի կողմից գրավադրված «Էյ Էմ Ջի Էմ» ՍՊԸ-ի բաժնեմասի 20 տոկոսի նկատմամբ՝ փոխառության պայմանագրով պատասխանողին տրամադրված 4,350,000 ԱՄՆ դոլարի դիմաց։

Որոշմամբ նախատեսվել է բռնագանձում տարածել նաև պատասխանող Տիգրան Արզաքանցյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանում կամ Հայաստանի տարածքից դուրս գտնվող դրամական միջոցների կամ այլ գույքի վրա՝ 965,260 ԱՄՆ դոլարի կամ դրան համարժեք ՀՀ դրամի կամ այլ արտարժույթի չափով։

ՀՀ Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանը դեռ 2022 թվականի սեպտեմբերին ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին սնանկ է ճանաչել։ Գործը հասել է մինչև Վճռաբեկ դատարան, որից հետո կրկին ուղարկվել է Սնանկության դատարան։

Leave a comment