Ազգային ժողովում ստեղծվել է 12 մշտական հանձնաժողով
ՀՀ ԱԺ նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության իններորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» հարցը։
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 9-րդ գումարման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովում ստեղծել 12 մշտական հանձնաժողով:
ՀՀ Սահմանադրության 106-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մշտական հանձնաժողովներում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:
Հաշվի առնելով, որ 9-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ունի 64, «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը՝ 29, իսկ «Հայաստան» խմբակցությունը՝ 12 անդամ՝ նախագծով առաջարկվում է մշտական հանձնաժողովների անդամների նվազագույն թիվը սահմանել 8: Մյուս հանձնաժողովների անդամների ընդհանուր թիվը սահմանվել է՝ հաշվի առնելով գործնականում այդ հանձնաժողովների աշխատանքային ծանրաբեռնվածությունը:
Առաջարկվում է ստեղծվել հետևյալ մշտական հանձնաժողովները․
Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով,
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով,
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով,
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողով,
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով,
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով,
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով,
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով,
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով,
Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով,
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով,
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով։
Հարցի վերաբերյալ ելույթներ են ունեցել պատգամավորները։
ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից ունեցած ելույթում խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը նշել է, որ խորհրդարանական մշտական հանձնաժողովները բավական արդյունավետ միջոց են, որպեսզի Ազգային ժողովը կարողանա ներազդել երկրում իրագործվող գործընթացների վրա։ Նկատելով, որ նախորդ գումարման Ազգային ժողովում շատ հանձնաժողովներ բավականին պասիվ են եղել՝ նա առաջարկել է գործընկերներին ակտիվացնել հանձնաժողովների ընդհանուր գործիքակազմը։
Եզրափակիչ ելույթում Արուսյակ Ջուլհակյանն ընդգծել է նախորդ գումարման մշտական հանձնաժողովների կատարած ահռելի աշխատանքը։
ԱԺ որոշման նախագիծն ընդունվել է 60 կողմ, 0 դեմ, 15 ձեռնպահ ձայներով։
ՀՀ ԱԺ