Նախագիծ․ Բողոքարկումն չի հետաձգի վարորդական իրավունքի կասեցումն ու տուգանային միավորների կիրառումը

Երթևեկության կանոնների խախտումների համար սահմանված տույժերի բողոքարկման ընթացակարգն էականորեն փոխող օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում՝ եթե վարորդներն այժմ կարող են պարզապես բողոքարկել որոշումը և դրանով իսկ կասեցնել տույժի կիրառումը, օրինակ՝ շարունակելով վարել մեքենան, ապա նոր կարգով բողոքարկումն այլևս չի հետաձգի պատասխանատվությունը։ Նախագիծը շրջանառության մեջ է դրել արդարադատության նախարարությունը։

Գործող կարգավորմամբ, երբ քաղաքացին բողոքարկում է իր նկատմամբ ընդունված վարչական որոշումը, դրա գործողությունը կամ կատարումը ժամանակավորապես կասեցվում է։ Նոր փոփոխությունների նախագծով, սակայն, առաջարկվել է այդ սկզբունքից մի շարք հատուկ բացառություններ սահմանել, հայտնում է Factor.am-ը:

Նախարարությունն առաջարկել է, որ վարչական որոշման բողոքարկումն այլևս չկասեցնի վարորդական իրավունքի կասեցումը, վարորդական իրավունքից զրկումը և տուգանային միավորների կիրառումը։

Այսպիսով, եթե վարորդի նկատմամբ ընդունված որոշմամբ միաժամանակ նախատեսված լինեն դրամական տուգանք և տուգանային միավորների նվազեցում, ապա որոշումը բողոքարկելու դեպքում ժամանակավորապես կկասեցվի միայն գումարի վճարումը։ Տուգանային միավորների կիրառումը չի կասեցվի և շարունակելու է մնալ ուժի մեջ։

Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման և բաց է մնալու մինչև օգոստոսի 25-ը։

Leave a comment