Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման մասին օրենքով նախատեսված նախազգուշացում կիրառելու կամ անհետաձգելի միջամտության վերաբերյալ որոշումները վիճարկելու հայցադիմումներն այլևս վարչական դատարան չեն ներկայացվելու։ Նման նախագիծ է շրջանառության մեջ դրել Արդարադատության նախարարությունը։
Դրանք նախատեսվում է քննել Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ընթացակարգով և ժամկետներում, իսկ Վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան գլուխն ուժը կորցրած է ճանաչվելու, հայտնում է Factor.am-ը:
Նախագծով սահմանվում է, որ նախազգուշացում կիրառելու վերաբերյալ որոշումը վիճարկող հայցադիմումը հնարավոր կլինի դատարան ներկայացնել որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում։ Անհետաձգելի միջամտության մասին որոշումը վիճարկելու դեպքում նախատեսվում է հնգօրյա ժամկետ։
Հայցադիմումը պետք է ներկայացվի հայցվորի բնակության վայրի առաջին ատյանի դատարան։
Նախագծի համաձայն՝ դատարանը նախազգուշացման կամ պաշտպանական որոշման կիրառման վերաբերյալ հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը պետք է լուծի երեք օրվա ընթացքում։ Անհետաձգելի միջամտության որոշումը վիճարկող հայցի դեպքում այդ ժամկետը կազմելու է 36 ժամ՝ հայցադիմումը ներկայացնելու պահից։
Գործերի քննությունն ու դրանց վերաբերյալ որոշումների կայացումը նախատեսվում է իրականացնել առանց դատական նիստ հրավիրելու։ Նախազգուշացման և պաշտպանական որոշման դեպքերում դատարանը որոշումը պետք է կայացնի հայցադիմումը վարույթ ընդունելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ անհետաձգելի միջամտության դեպքում՝ 48 ժամվա ընթացքում։
Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել և քննարկման համար բաց է մնալու մինչև օգոստոսի 25-ը։