Թուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. Bloomberg


Bloomberg-ը հաղորդել է, որ Թուրքիան վերսկսել է դեպի Սև ծով նավերի անցումն իր նեղուցներով։


Մոնիթորինգի տվյալների համաձայն՝ Aegean Dream նավթատարը Դարդանելի նեղուց է մտել օգոստոսի 9-ին՝ օգոստոսի 6-ից այդ տարածքում սպասելուց հետո։ Նավի նպատակակետը  Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի տերմինալն էր Ռուսաստանի Նովոռոսիյսկում։ Օգոստոսի 9-ի առավոտյան նեղուցով Նովոռոսիյսկ է մեկնել նաև Mehmet Kahveci A կոնտեյներային նավը։


Նախորդ օրը նույն գործակալությունը հաղորդել էր, որ Թուրքիան սահմանափակել է առևտրային նավերի տեղաշարժը՝ տարածաշրջանում Ռուսաստանի և Ուկրաինայի հարձակումների աճի պատճառով։ Թուրքիայի առափնյա անվտանգության գլխավոր վարչությունը Նովոռոսիյսկ մեկնող մի քանի նավի տեղեկացրել է, որ նման չվերթների համար տարանցիկ թույլտվություններ չի տրամադրում, ինչպես նաև, լրացուցիչ ժամանակ է հարկավոր Դարդանելի անցման հայտերը վերանայելու համար: Աղբյուրի խոսքով՝ սահմանափակումը տարածվել է նաև Ուկրաինա ուղևորվող նավերի վրա:


Անկարան չի բացատրել այդ որոշման պատճառը և հրապարակայնորեն չի մեկնաբանել իրավիճակը։ Ձգձգումները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Թուրքիայի կառավարությունը սկսել է ավելի ակտիվ ուշադրություն դարձնել Սև ծովում առևտրային նավերի վրա հարձակումներին:

Leave a comment