ԱՄՆ դեսպանատուն․ $4 մլրդ-ի ներդրումը ԱԲ կենտրոնում նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք ՀՀ

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, անդրադառնալով Firebird ընկերության ԱԲ գործարանի բացմանը Հրազդանում, նշել է, որ «4 միլիարդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք ՀՀ»:

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը վարչապետ Փաշինյանի և Firebird ընկերության ղեկավարության հետ միասին Հրազդանում ներկա է գտնվել Հայաստանի առաջատար հիպերմասշտաբային ԱԲ կենտրոնի բացմանը։

«4 միլիարդ ԱՄՆ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների ու ԱԲ ենթակառուցվածքների մուտք Հայաստան, որը թույլ կտա երկրին դիրքավորվել որպես տվյալների կենտրոնների, ամպային հաշվարկների և ԱԲ նորարարության տարածաշրջանային կենտրոն։

ԱԲ կենտրոնի բացումը հայ-ամերիկյան աճող գործընկերության ակնառու օրինակ է և գործնական քայլ ի շարունակումն օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների և այնտեղ ստորագրված ԱՄՆ-Հայաստան երեք կարևորագույն փոխըմբռնման հուշագրերի, որոնցից մեկը վերաբերում էր ԱԲ-ի և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերությանը։

Ինչպես նկատեց հավատարմատար Ալենը, երբ մեկտեղվում են ամերիկյան և հայկական տաղանդն ու նորարարությունը, բացվում են տնտեսական աճի, տեխնոլոգիական փոխակերպումների ու առավել մեծ բարեկեցության նոր հեռանկարներ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»՝ աշխարհի ամենամեծ ԱԲ ենթակառուցվածքներից մեկը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հրազդանում նախատեսվել է գործարկել Firebird ընկերության՝ 500 միլիոն դոլար արժողությամբ արհեստական բանականության տվյալների կենտրոնը, որը տարածաշրջանում ամենախոշորն է լինելու։ Ծրագրի երկրորդ փուլի գործարկումից հետո ներդրումների ընդհանուր ծավալը հասնելու է մոտ 5 միլիարդ դոլարի։ Դրա արդյունքում Հայաստանը ներառվելու է այս ոլորտում աշխարհի առաջատար 5 երկրների շարքում և վերածվելու է արհեստական բանականության համաշխարհային հանգույցի։

Leave a comment