Քաղաքականություն
10.08.2026 | 11:28
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա Խաղաղության խորհրդի՝ Գազայի հատվածին վերաբերող 15 կետից բաղկացած ծրագիրը: Նա հայտարարել է՝ Իսրայելի ուժերը դուրս չեն բերվի անկլանից այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն ամբողջությամբ չի զինաթափվել, հաղորդում է Times of Israel-ը։
«Եվ երբ ես ասում եմ, որ ՀԱՄԱՍ-ը պետք է զինաթափվի, նկատի ունեմ բոլոր տեսակի զենքեր: Եվ մենք խոսում ենք իրական, այլ ոչ թե ձևական զինաթափման մասին»,- հայտարարել է Նեթանյահուն կառավարության նիստում:
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը, իր հերթին, հայտարարել է, որ խմբավորումը շարունակում է հավատարիմ մնալ Թրամփի Խաղաղության խորհրդի կողմից մշակված ճանապարհային քարտեզին: Նա ԱՄՆ-ին և միջնորդներին կոչ է արել ճնշում գործադրել Նեթանյահուի վրա։
Հուլիսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր ստեղծած Խաղաղության խորհուրդը «պատմական համաձայնության» է հասել, որը ՀԱՄԱՍ-ին և Գազայի հատվածում գտնվող «բոլոր մյուս զինված խմբավորումներին» «լիակատար զինաթափման» կոչ է անում։ Թրամփի խոսքով՝ այս համաձայնագիրը կարևոր քայլ կլինի դեպի, որպեսզի «Գազան վերջապես կառավարվի պաղեստինյան նոր ղեկավարության կողմից», իսկ Իսրայելը ստանա «այն անվտանգությունը, որին արժանի է, քանի որ Գազան այլևս չի օգտագործվի որպես ահաբեկչական հարձակումների բազա»:
Թրամփի հայտարարությունից հետո ՀԱՄԱՍ-ի խոսնակ Ռազի Համադը հայտարարել էր, որ խմբի զինաթափումը տեղի կունենա միայն այն դեպքում, եթե իսրայելական զորքերը լքեն Գազայի հատվածը: Միաժամանակ, ՀԱՄԱՍ-ի Reuters-ի աղբյուրը նշել է, որ «համաձայնագրի նախագիծը» նախատեսում է, որ ծանր զենքը կպահվի և կվերահսկվի բացառապես Պաղեստինի ինքնավարության կողմից և չի կարող փոխանցվել Իսրայելին։